Մորաքույրը ցանկացել է վերացնե՞լ նվիրատվությունը. Նվիրատվությունը վերացնելու հիմքերը

Հայցվոր Անիկ Հովսեփյանը իրեն սեփականությամբ պատկանող ված տունը` կից շինություններով և տնամերձ հողամասով հանդերձ, նվիրել է պատասխանողին, որը տան նվիրատվության դիմաց խոստացել է, որ կխնամի իրեն, յուրաքանչյուր ամիս կվճարի կոմունալ ծախսերը և կհոգա իր բոլոր կարիքները:

Փոխադարձ համաձայնությամբ կողմերի միջև 2011թ. հուլիսի 21-ին նոտարական կարգով կնքվել է Արարատի մարզի Բերդիկ համայնքի Բաղրամյան փող. թիվ 23 հասցեում գտնվող 141.8 քմ մակերեսով բնակելի տան, 22.8 քմ կից շինությունների և 0.06 հա մակերեսով տնամերձ հողամասի նվիրատվության պայմանագիր:

Պայամանագիր կնքելուց հետո հայցվորը մինչ օրս շարունակում է բնակվել վերը նշված հասցեի` իր նախկին սեփականությունը հանդիսացող բնակելի տանը, իսկ պատասխանողը իր մշտական բնակության հասցեում` Արարատի մարզ գյուղ Բերդիկ:

Նվիրատվության պայմանագրի հիման վրա Կադաստրի տարածքային բաժնում գրանցելով իր սեփականության իրավունքը` Լաուրիկ Հակոբյանը աստիճանաբար հրաժարվում է իր ստանձնած պարտավորությունները կատարելուց, որի հետևանքով կտրուկ վատթարացել է հայցվորի առողջական վիճակը, բուժման և ապրուստի համար չունենալով դրամական միջոցներ` զրկվել է նույնիսկ բժշկի կողմից նշանակված դեղեր գնելու հնարավորությունից:

Պատասխանողը հայտնել է, որ իրենց միջև խոսակցություն չի եղել այն մասին, այդ գործարքը կնքվում է այն նպատակով, որպեսզի ինքը հոգ տանի հայցվորի մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 600-րդ հոդվածի համաձայն` նվիրատուն իրավունք ունի հրաժարվել ապագայում նվիրառուին գույք կամ իրավունք փոխանցելու կամ նվիրառուին գույքային պարտականությունից ազատելու խոստում պարունակող պայմանագիրը կատարելուց, եթե պայմանագիրը կնքելուց հետո նվիրատուի գույքային կամ ընտանեկան դրությունը կամ առողջական վիճակն այնքան է վատթարացել, որ նոր պայմաններում պայմանագրի կատարումը կառաջացնի նրա կենսամակարդակի էական իջեցում:

Նույն օրենսգրքի 601-րդ հոդվածի համաձայն` նվիրատուն իրավունք ունի վերացնել նվիրատվությունը, եթե նվիրառուն ոտնձգություն է կատարել նրա, նրա ընտանիքի անդամներից կամ մերձավոր ազգականներից որևէ մեկի կյանքի դեմ կամ նվիրատուին դիտավորյալ պատճառել է մարմնական վնասվածքներ:
Եթե նվիրառուն կյանքից դիտավորյալ զրկում է նվիրատուին, ապա դատարանում նվիրատվությունը վերացնելու պահանջի իրավունք ունեն նվիրատուի ժառանգները:

Նվիրատուն իրավունք ունի դատական կարգով պահանջել վերադարձնելու նվիրատվությունը, եթե նվիրառուի վերաբերմունքը նրան նվիրված գույքի նկատմամբ, որը նվիրատուի համար իրենից ոչ գույքային մեծ արժեք է ներկայացնում, դրա անդառնալի կորստի սպառնալիք է ստեղծում:

Դատարանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով, կարող է վերացնել անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կատարած նվիրատվությունը:

Նվիրատվության պայմանագրում կարող է սահմանվել նվիրատվությունը վերացնելու` նվիրատուի իրավունքը, եթե նա նվիրառուից ավելի երկար ապրի:

Նվիրատվության վերացման դեպքում նվիրառուն պարտավոր է վերադարձնել նվիրատուի նվիրած գույքը, եթե այն բնեղենով պահպանվել է նվիրատվության վերացման պահին:

Ինչպես տեսնում ենք, նվիրատվությունը վերացնելու հայցվորի մատնանշած հիմքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածը չի նախատեսում, նմանտիպ հիմք նախատեսում է օրենսգրքի 600-րդ հոդվածը, սակայն դա վերաբերում է ոչ թե նվիրատվությունը վերացնելուն, այլ այն դեպքերին, երբ այն դեռ չի կատարվել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել