Բավարար ապացույցներ չի՞ ներկայացրել, որ փաստացի ընդունել է ժառանգությունը

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն` դատարանները հատուկ վարույթի գործերը քննում են քաղաքացիական դատավարության ընդհանուր կանոնների համաձայն, այն բացառություններով և լրացումներով, որոնք uահմանված են oրենuգրքի 28-36 գլուխներով:

Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանել է հատուկ վարույթի կարգով քննվող գործերի վարույթները, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ մասի համաձայն` դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերվում են ժառանգությունն ընդունելուն և ժառանգության բացման վայրին:

ԹիվԳԴ/0397/02/12 քաղաքացիական գործով ներկայացված անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականներից երևում է, որ ժառանգատու Գեորգի Մուշեղի Մարտիրոսովի անվամբ Գեղարքունիքի մարզի Շատվան համայնքում գրանցված է բնակելի տուն, տնամերձ հողամաս, ինչպես նաև վարելահող:

Նշված անշարժ գույքերի համասեփականատերեր են հանդիսանում նաև Լաուրա Մարտիրոսովան, Օկսաննա Մարտիրոսովան, Արթուր Մարտիրոսովը, Ալեքսեյ Մարտիրոսովը:

Շատվանի գյուղապետարանի կողմից 10.08.2012թ. տրված թիվ 81 տեղեկանքի համաձայն` Շատվան համայնքի բնակչուհի Լաուրա Զախարի Մարտիրոսովան ամուսնու` Գեորգի Մուշեղի Մարտիրոսովի մահվանից հետո նրան պատկանած ամբողջ գույքը տիրապետել, օգտագործել է և կատարել հարկային պարտավորությունները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով, իսկ 3-րդ մասի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա uկuում է փաuտացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը՝ ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման oրվանից վեց ամuվա ընթացքում:

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է ժառանգության ընդունման երկու եղանակ՝ ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելը և ժառանգի կողմից ժառանգությունը փաստացի տիրապետելը կամ կառավարելը: Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել այդ գույքը, ինչը հանդիսանում է ժառանգական գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքի ծագման նախապայման:

Նման պայմաններում, դատարանը արձանագրել է, որ նմանատիպ գործեր քննելիս կարևոր է այն իրավական հարցի պարզաբանումը, թե արդյո՞ք անձը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է ժառանգությունը, հետևաբար դատարանում գործի քննության ժամանակ պետք է հիմնավորվի փաստացի տիրապետման հիմքով ժառանգական գույքն ընդունելու փաստը: Ժառանգական գույքի փաստացի տիրապետելու փաստը կարող է ապացուցվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված ապացույցների տեսակներով:

Նշվածից հետևում է, որ դիմողը պետք է դատարան ներկայացնի այնպիսի ապացույցներ, որոնցով կհաստատվեն հատկապես նրա կողմից ժառանգության բացման օրվանից օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում ժառանգատուի բաժինը փաստացի տիրապետելու և /կամ/ կառավարելու հանգամանքները:

Կոնկրետ դեպքում, ժառանգության փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ժառանգության ընդունման հիմքում դիմողը վկայակոչել է այն, որ ժառանգատուի մահվանից հետո ինքը փաստացի ընդունել է ժառանգատուին սեփականության իրավունքով պատկանող գույքը, կատարել հարկային պարտականությունները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Այսպիսով, դիմողը իր վկայակոչած փաստը` ժառանգական զանգվածը փաստացի տիրապետելու հանգամանքը հավաստող որևէ վերաբերելի ապացույց դատարանին չի ներկայացրել, որի հիման վրա դատարանը կարող է հիմնավորված համարել դիմումատուի կողմից ներկայացված պահանջը, հետևաբար դիմողը կրում է դրա բացասական հետևանքները:

Միակ ապացույցը եղել է Շատվանի գյուղապետարանի 10.08.2012թ. տեղեկանքը, ինչն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226 հոդվածի 3-րդ մասով նախատեսված որևէ եղանակով ժառանգությունն ընդունելուն:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել