Մայր Աթոռը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է համազգային հանգանակություն ի նպաստ Մայր Տաճարի հիմնանորոգության և բարեզարդության:

Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հրատապ ամրակայման և հիմնանորոգության աշխատանքները սկսվել են 2017 թվականին` զերծ պահելու համայն հայության նվիրական սրբավայրը հնարավոր փլուզման վտանգից: Մայր Տաճարի վերջին ամրակայումը կատարվել է 1950-60-ական թվականներին և մասնակի բնույթ է կրել: Միածնաէջ Տաճարի պահպանման և ամրացման առումով սա վերջին հարյուրամյակներում կատարվող մեծագույն հիմնանորոգությունն է, որը պահանջում է նաև աշխարհի բոլոր ծագերում բնակվող մեր ժողովրդի զավակների անմիջական մասնակցությունը։

Այս կապակցությամբ 2019 թ․ հունիսի 23-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբատառ կոնդակով համայն հայությանն ուղղել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի «Եկե՛ք կառուցենք լույսի Սուրբ Խորանը» կոչը։

Մայր Տաճարի նորոգության համար նվիրաբերվող օգնությունները համակարգելու նպատակով ստեղծվել են հոգաբարձուների պատվո հանձնախումբ և գործադիր մարմին: Հաստատվել է նաև աշխատանքային խումբ` ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արք․ Տերտերյանի գլխավորությամբ: Սփյուռքի տարբեր թեմերում և համայնքներում ձևավորվել են տեղական հանձնախմբեր:

Այսօր հայության Սրբություն սրբոցը՝ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, կարիք ունի իր յուրաքանչյուր զավակի օժանդակության, որպեսզի շարունակի իր հավիտենական առաքելությունը մեր ժողովրդի կյանքում։

Սրտաբուխ նվիրատվությունները կարելի է փոխանցել և տաճարի հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալ www.cathedral.am կայքէջի միջոցով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել