Ազգային ժողովի պատգամավորներ Շիրակ Թորոսյանը և Արմեն Փամբուխչյանը առաջարկում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարել:
Նախագծով նախատեսվում է, որ մասնակի կենսաթոշակ կնշանակվի` Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում պետական հանրակրթական հայկական դպրոցների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին և ունեն առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ:
Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում կհաշվառվեն Կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտություններով և պաշտոններում մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները, ներառյալ՝ այդ ընթացքում Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում պետական հանրակրթական հայկական դպրոցներում աշխատած ժամանակահատվածները:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա խրախուսելու վերոնշյալ մանկավարժներին, ովքեր տարիներ շարունակ հայեցի կրթություն եւ դաստիրակություն են ապահովել Վրաստանի Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական դպրոցների աշակերտների համար՝ դրանով էականորեն նպաստելով վերոնշյալ տարածաշրջանների հայապահպանության հույժ կարեւոր գործին: