Ծնողներն իրենց գույքով պատասխան են տալիս զավակների սխալների համար

Խաչիկ Հ.-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայր ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Գյումրու բաժնի, երրորդ անձ` Արմեն Վանցյանի` «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 16.09.2009 թվականի որոշումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին: Ներկայացված հիմնական հայցապահանջի հետ մեկտեղ հայցվորի կողմից դատարան է ներկայացվել նաև ածանցյալ պահանջ, այն է` կիրառելով անվավերության հետևանք` անվավեր ճանաչել նաև տրված սեփականության իրավունքի վկայագիրը:

ՀՀ նախկին Հյուսիսային քրեական դատարանի կողմից 17.03.2008 թվականին տրված ՀՅՔՐԴ 2-0007 կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնում 19.03.2008 թվականին հարուցվել է թիվ 08-303/08 կատարողական վարույթը։ Համաձայն կատարողական թերթի` Կառլեն Ու.-ի և Սերոբ Հ.-ի ծնողների տնտեսությունից համապարտության կարգով պետք է հօգուտ Արմեն Վանցյանի բռնագանձել 1.406.050 դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում։ ԴԱՀԿ ծառայության կողմից 19.03.2008 թվականին կայացվել են որոշումներ` կատարողական վարույթ հարուցելու և պարտապանների գույքի վրա արգելանք դնելու մասին։

27.03.2008 թվականին կատարվել է պարտապանի տնտեսության գույքագրում և պարտապաններից 24.03.2008 թվականին վերցվել է վերջիններիս պատկանող գույքի կազմի և քանակի մասին հայտարարագիր։ Վերջիններս հայտարարագրերում գրավոր հայտնել են իրենց համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի (վարելահողի) մասին, որից երևում է, որ ծանուցված են եղել կատարողական վարույթ հարուցելու, և գույքի վրա արգելանք դնելու մասին: Կատարողական գործողությունների ընթացքում հայտնաբերվել, արգելադրվել և ուղղակի վաճառքի է ներկայացվել նաև վերջիններիս պատկանող կենցաղային գույքը, որոնց վերաբերյալ կայացված որոշումները օրենքով սահմանված պատշաճ կարգով հանձնվել են կողմերին։ Գույքի վաճառքից պահանջատիրոջ օգտին վերականգնվել է 78.850 դրամ։

29.05.2008 թվականին կայացվել է որոշում` կատարողական վարույթն ավարտելու մասին, և որոշման մեջ «Պարզեցի» հատվածում կողմերին տեղեկացվել է, որ արգելադրվել է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ անշարժ գույք և պահանջատիրոջը առաջարկվել է օգտվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքից։

10.08.2009 թվականին կրկին կատարման է ներկայացվել պահանջատիրոջ կողմից, և կայացվել է որոշում` ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին։ Փորձագետին հանձնարարվել է որոշել Սերոբ Հ.-ին պատկանող 1,51 հա վարելահողի բաժնեմասի շուկայական արժեքը։
Ըստ փորձագիտական թիվ 3/62 եզրակացության` 1.51 հա վարելահողը գնահատվել է 220.000 դրամ։ 16.09.2009 թվականին կայացվել է որոշում` արգելադրված 1.51 հա վարելահողը հարկադիր էլեկտրոնային աճուրդով վաճառելու մասին, և 17.09.2009 թվականին 314755-08/2 կից գրությամբ ծանուցվել է կատարողական վարույթի կողմերին։

24.06.2009 թվականին սույն գործով հայցվորը և նրա կինը հայց են ներկայացրել ՇՄ ընդհանուր իրավասության դատարան՝ վնասի հատուցման պարտականությունը դադարեցնելու պահանջով։

ՇՄ ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՇԴ1/0132/02/09 քաղաքացիական գործով կայացված վճռով նրանց հայցը բավարարվել է և վճռվել վերջիններիս ազատել հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտականությունից։ Վճիռի դեմ բերվել է վերաքննիչ բողոք։ 12.11.2009 թվականի թիվ ՇԴ1/0132/02/09 քաղաքացիական գործով վճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից բեկանվել է և գործն ուղարկվել նույն դատարան` նոր քննության։

15.03.2010 թվականին ՇՄ ընղհանուր իրավասության դատարանը, քննության առնելով 12.11.2009 թվականի վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից բեկանված թիվ ՇԴ1/0132/02/09 քաղաքացիական գործը, հայցվորի և նրա կնոջ՝ վնասի հատուցման պարտավորությունը դադարեցնելու պահանջի մասին, հայցը մերժել է։ 29.10.2009 թվականին սույն գործով երրորդ անձը` պահանջատերը, գրավոր դիմել է ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժին և խնդրել օրենքով սահմանված կարգով աճուրդի ներկայացված գույքը հանձնել իրեն պարտքի դիմաց։ 29.10.2009 թվականին դիմումով պահանջատերը խնդրել է կատարողական վարույթը կարճել։ 27.11.2009 թվականին կատարողական վարույթը կարճվել է «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով:

Սույն գործով ներկայացված հիմնական հայցապահանջը դատարանը գտնել է անհիմն և մերժել: Ածանացյալ պահանջը նույնպես մերժվել է:

Հայցվորը, համաձայն չլինելով դատարանի վճռի հետ, այն բողոքարկել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել