18.06.2012 թվականին Նաիրա Օունալլիի ներկայացուցիչ Քրիստինե Բադալյանը դիմում է ներկայացրել դատարան և խնդրել` Յեմեն բեն Մոհամեդ Նասեր Օունալլիին քաղաքացիությունը` Թունիսի, բնակության վայրը` Դուբայ, Միացյալ Արաբական Էմիրություններ, փաստացի բնակվել է ք. Երևան` Ռոստովյան փողոց 48 տանը/ ճանաչել անհայտ բացակայող:
Դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտել է, որ Նաիրա Օունալլիի` Յեմեն բեն Մոհամեդ Նասեր Օունալլիին անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին դիմումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանություններով.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին:
Տվյալ դեպքում Նաիրա Օունալին դիմում է ներկայացրել դատարան` խնդրելով անհայտ բացակայող ճանաչել իր նախկին ամուսնուն` Թունիսի քաղաքացի Յեմեն բեն Մոհամեդ Նասեր Օունալլիին, ով շուրջ 6 տարի բացակայում է վերջին բնակության վայրից և նրա մասին տեղեկություններ չկան: Դիմողի ներկայացուցիչը որպես վերջին բնակության վայր նշել է ք. Երևան, Ռոստովյան 48 հասցեն, որտեղ բնակվել են վարձով դիմողը և Յեմեն բեն Մոհամեդ Նասեր Օունալլիին և այդ հանգամանքը հիմնավորող ապացույց դատարանին է ներկայացվել տեղեկանքներ հարևանների կողմից հաստատված թաղային լիազորի կողմից, դատարան է ներկայացվել նաև ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնից ստացված գրությանը կից ներկայացված` 27.06.2012թվականին ք. Երևան, Ռոստովյան 48 հասցեում բնակվող քաղաքացի Մարո Ավետիսյանի բացատրությունն այն մասին, որ 1992 թվականից բնակվում է Ռոստովյան 48 տանը, 2010 թվականից հանդիսանում է այդ հասցեի սեփականատերը և Յեմեն բեն Մոհամեդ Նասեր Օունալլիի անվամբ անձ նշված հասցեում չի բնակվում, այդպիսի մարդու չի ճանաչում և նրա գտնվելու վայրի մասին ոչ մի տեղեկություն չունի:
Փաստորեն դիմումատուի կողմից որպես անհայտ բացակայող անձի բնակության վայր է նշվել այն վայրը որտեղ անձը բնակվել է վարձով 2004 թվականի սեպտեմբեր ամսից մինչ և 2005 թվականի հոկտեմբեր ամիսը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես ապրում է: Նշված նորմի վերլուծությունից բխում է, որ 1տարի, այն էլ վարձով բնակվելու վայրը, չի կարող համարվել անձի բնակության վայր, քանի որ անձը այդտեղ չի ապրել ոչ մշտապես ոչ էլ` առավելապես:
Ավելին գործում առկա են միմյանց հակասող գրավոր փստաթղթեր, ինչը դատարանը բավարար հիմք է համարել քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու մասին դիմումը մերժելու համար:
Դատարանի վճիռը դիմողի ներկայացուցչի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Աղբյուրը` Իրավաբան.net