2013թ.-ի փետրվարի 11-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանում քննվելու է մեղադրյալ Հմայակ Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. ապրիլի 21-ին` ժամը 10:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոսկովյան 34ա հասցեում տեղակայված Հայհիդրոէներգանախագիծ ինստիտուտի մուտքի դիմաց վիճաբանության ժամանակ հանցավոր անփութություն դրսևորելով իր գործողության և դրա վտանգավոր հետեանքների նկատմամբ` հրել է նույն ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանին, ինչի հետևանքով վերջինս նախ մարմնով և ձախ ձեռքով համահարվածվել է մուտքի դռան եզրային մետաղյա շրջանակին, ապա կորցնելով հավասարակշռությունը` գլորվել է բազալտապատ աստիճանահարթակից:
Նշվածի արդյունքում անզգուշությամբ Ս.Ջուլհակյանի առողջությանը պատճառվել է առողջության տևական քայքայում:
Հմայակ Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ավելացնենք, որ համաձայն անմեղության կանխավարկածի սկզբունքի անձն անմեղ է այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net