Հարկայինն ընդդեմ ընկերության. Ո՞վ է ճիշտ

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն` հարկատուն պարտավոր է շահութահարկի գումարը վճարել պետական բյուջե մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը ներառյալ։ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի 0,15 տոկոսի չափով։ 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչությունը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Դալի Սերվիս» ՍՊ ընկերության` 703. 300 դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին։ 

Դատաքննությամբ պարզվեց, որ պատասխանող «Դալի Սերվիս» ՍՊ ընկերությունը սահմանված ժամկետում չի վճարել 2011 թվականի շահութահակի 20.000 դրամ գումարը, որի հետևանքով 01.06.2012թ. դրությամբ հաշվարկվել է 3.100 դրամ տույժ, ընդամենը` 23.100 դրամ։ Պատասխանողը 29.08.2012թ.-ին վճարել է 20.000 դրամ շահութահարկ, ուստի հայցվորի պահանջը 20.000 դրամ շահութահարկի ապառքը բռնագանձելու մասով, պատասխանողի կողմից վճարում կատարելու հիմքով, ենթակա է մերժման, իսկ 3.100 դրամ շահութահարկի տույժ բռնագանձելու մասով հիմնավոր է և ենթակա բավարարման։ 

Դատաքննությամբ պարզվել է, որ պատասխանողը սահմանված ժամկետում չի վճարել եկամտահարկի ապառքի 49.900 դրամ գումարը, ինչի հետևանքով 01.06.2012թ. դրությամբ հաշվարկվել է 32.800 դրամ տույժ, ընդամենը` 82.700 դրամ։ Պատասխանողը 10.10.2012թ. վճարել է 60.000 դրամ եկամտահարկ, ուստի հայցվորի պահանջը 60000 դրամ եկամտահարկ, որից 49.900 դրամ ապառք և 10.100 դրամ տույժ, բռնագանձելու մասով, պատասխանողի կողմից վճարում կատարելու հիմքով, ենթակա է մերժման, իսկ 22.700 դրամ եկամտահարկի տույժ բռնագանձելու մասով հիմնավոր է և ենթակա բավարարման։ Բացի այդ, պատասխանողը սահմանված ժամկետում չի վճարել 391.000 դրամ սոցիալական վճարի գումարները, որի հետևանքով 01.06.2012թ. դրությամբ հաշվարկվել է 206.500 դրամ տույժ, ընդամենը` 597.500 դրամ։ 

Սույն գործով դատարանը 2012թ. հոկտեմբերի 25-ի վճռով որոշել է հայցը բավարարել մասնակի և «Դալի Սերվիս» ՍՊ ընկերությունից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 578.300 դրամ, այդ թվում` 3.100 դրամ շահութահարկի տույժ, 27.700 դրամ եկամտահարկի տույժ, 547.500 դրամ սոցիալական վճար, որից 341.000 դրամ ապառք և 206.500 դրամ տույժ, իսկ հայցապահանջը 130.000 դրամ, այդ թվում` 20.000 դրամ շահութահարկ, 60.000 դրամ եկամտահարկ, որից 49.900 դրամ ապառք և 10.100 դրամ տույժ, 50.000 դրամ սոցիալական վճար բռնագանձելու մասով, մերժել։ 

Սույն վճիռը ներկայումս «Դալի Սերվիս» ՍՊԸ-ի կողմից բողոքարկվել է Վարչական վերաքննիչ դատարան: 

Աղբյուրը` Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել