6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չի հաստատվել, գործը կուղարկվի լրացուցիչ քննության: Այդ մասին Իրավաբան․net-ին հայտնում է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու վերաբերյալ։ Տրվել են համապատասխան ցուցումներ լրացուցիչ քննություն կատարելու ենթակա հանգամանքների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ դրանց արդյունքներով է հնարավոր Ա․Բաբլոյանի և Ա․Բաբայանի արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատման տալ»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: