Վճարման կարգադրության դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մեկ ամսվա ընթացքում

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածը սահմանում է, որ վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում։

Պարզեցված վարույթի կարգով կայացված գործի վարույթը կարճելու մասին որոշման կամ վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում։

Վճարման կարգադրության դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մեկ ամսվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ արձակված վճարման կարգադրության մասին:

Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում:

Գործին մասնակից չդարձած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ գործին մասնակից չդարձած անձը դատարանի կողմից ծանուցվել է քննվող գործի վերաբերյալ, սակայն չի դիմել գործի քննությանը ներգրավվելու համար:

Վերաքննիչ բողոք չի կարող բերվել, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է 20 տարի: Նշված ժամկետը ենթակա չէ վերականգնման։

Օրենքի 363-րդ հոդվածով սահմանվում է դատական ակտի բողոքարկման հիմքերը`

1) նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը,

2) դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը,

3) նոր երևան եկած կամ նոր հանգամանքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել