Ինձ ընկեր անվանող որոշ գործընկերներիս ակտիվ միջամտությամբ քրեական գործ էր հարուցվել, թե իբր իմ «մտերիմին» փաստացի 240 հազար դրամի չափով պարգևատրել եմ․ Ռուբեն Հայրապետյան

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Ինչպես տեսնում եք, ցնորքի հասնող կեղծ աղմուկից հետո արդեն աստիճանաբար շատ բան ջրի երես է դուրս գալիս: Հանրային շահի փոխարեն մանկապատանեկան նախանձի հիմքով գործող 4-5 ապաշնորհ, բայց ինքնահավան վնասատուներ կեղծ արժեքների մասին ամպագոռգոռ խոսքերից հետո այժմ գետնի տակ են անցել՝ կտրուկ մոռանալով իրենց «արժեքները»: Շուտով վերջնականապես և բոլորի համար պարզ կդառնա, թե որքան սխալ և ապօրինի էին այն անպատասխանատու հայտարարություններն ու խաղը, որը կազմակերպվեց կարճաժամկետ մտածելակերպով մի քանի հոգու կողմից: Սակայն, այս պահին ընդամենը երկու չափելի փաստ (պարադոքս) եմ ուզում ֆիքսել:

Պարադոքս 1.

Վերջին մեկ տարվա ընթացքում սեփական կամքով հրաժարվել եմ ինձ հասանելիք մի շարք գումարներից, այդ թվում՝ հավելավճարից (որպես ընդունող հանձնաժողովի նախագահ), ինչպես նաև ավագանու անդամի ծախսերի փոխհատուցումից, որոնց ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 1.5մլն դրամ (խելքս ասա…), սակայն ինձ ընկեր անվանող որոշ գործընկերներիս ակտիվ միջամտությամբ քրեական գործ էր հարուցվել, թե իբր իմ «մտերիմին» փաստացի 240 հազար դրամի չափով պարգևատրել եմ՝ անձնական շահ հետապնդելով («մեջը մտնելով», էլի): Պատկերացնում եք, չէ՞:

Չլիներ այս խեղկատակությունը՝ չէի խոսելու այդ գումարների մասին:

Արձանագրում եմ փաստը, իսկ եզրակացությունը թողնում ձեզ:

Պարադոքս 2.

Վերջին տարիների ընթացքում կառավարման բնագավառում պաշտպանված մի քանի հարյուր ատենախոսություններից, որքան էլ ցավալի է, իմ աշխատանքը թերևս միակն է, որի գիտական նորույթը տպագրվել է ազդեցության գործոն ունեցող միջազգային հեղինակավոր ամսագրում (եթե միակը չէ, խնդրում եմ ուղղել), սակայն առանց որևէ իրավական ընթացակարգի կազմված մի քանի հոգանոց անհասկանալի խումբը որոշել էր ապօրինի և ոչ մասնագիտական կեղծ որակումներ կիրառելով պիտակավորել աշխատանքիս տեսական հատվածում առկա հղումների այն խնդիրները, որոնց մասին ինքս եմ խոսել և որոնք այդ ավիրված համակարգի ու բացակայող պահանջների բնական և նվազագույն հետևանքն են: Դա արդեն գրեթե բոլորն են հասկացել, կապացուցվի նաև դատարանում:
Եզրակացությունը կրկին թողնում եմ ձեզ:

Իրականում ափսոսում եմ, որ որոշ վախկոտ, իրականությունից կտրված և քաղաքական հեքիաթների սիրահար մարդկանց պատճառով ավելորդ էներգիա եմ վատնում (դատարան, հանրային մեկնաբանություններ և այլն) արդարության վերականգնման ուղղությամբ, որը կարելի էր օգտագործել հանրօգուտ նպատակներով, սակայն այս պահին դա անհրաժեշտ նախապայման է՝ հետագայում ավելի մեծ արդյունք ապահովելու համար:

Իսկ բոլոր այն կոռուպցիոն խմբավորումներին (հիշեցում. կոռուպցիան միայն կաշառքը չէ), որոնք այս աննախադեպ անարդարությամբ հույս ունեին «վերացնել» ինձ, սպասում է խոր հիասթափություն: Ցնորքն իրականություն դառնում է, բայց չի հարատևում:

Սիրելի՛ ուսանողներ,
լա’վ սովորեք և ոչնչից մի’ ընկճվեք»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել