ԱԺ-ի մոտ պատգամավորի մեքենայի ապակին կոտրելու դեպքը բացահայտվել է․ ոստիկանություն

Ինչպես արդեն հայտնել էինք, հոկտեմբերի 21-ի ժամը 14-ից մինչև հաջորդ օրը՝ ժամը 11․30-ն ընկած ժամանակահատվածում կոտրել էին «Սիրահարների այգու» հարևանությամբ կայանված ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի «Մինի կուպեր» ավտոմեքենայի ապակին և սրահից գողացել դրամապանակը։

Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքը բացահայտելու ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին։ Նույն վարչության քրեական հետախուզության բաժնի ու ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հոկտեմբերի 29-ին, գողություն կատարելու կասկածանքով, Անդրանիկի փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին երկու տղամարդու։

Բերման ենթարկվածներից 30-ամյա տղամարդը խոստովանեց կատարածը։ Կասկածյալի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ծխախոտի գլանակի մեջ լցված դեղնականաչավուն թմրանյութի նմանվող զանգված, ինչպես և այն առարկաները, որոնցով կոտրել է մեքենաների ապակիները։

Պարզվեց, որ բացի նշված գողությունից բերման ենթարկվածը «Սիրահարների այգու» հարևանությամբ օգոստոս, հոկտեմբեր ամիսներին, նույն եղանակով, կատարել էր մի շարք այլ գողություններ ևս՝ հափշտակելով պայուսակներ, դրամապանակներ, փող ու փաստաթղթեր։ Այդ դեպքերի առթիվ արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր։ Իսկ հոկտեմբերի 21-ին կատարած գողության առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

Տեսանյութը՝ ոստիկանության

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել