Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 12.08.2019թ.-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ մինչ Ա.Ղազարյանի կողմից մարտական դիրքը թողնելը՝ գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամ մարմնի այլ հատվածներում Ա.Ղազարյանը մարմնական վնասվածքներ չի ունեցել:
Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:
Ինչ վերաբերում է նրա ձախ ձեռքի ցուցամատի վրա առկա վնասվածքին, ապա 24.07.2019թ.-ին Ա.Ղազարյանը զորամասից ուղեգրվել է Մարտունու զինհոսպիտալ, որտեղ տեղային անզգայացումով կատարվել է ձախ ձեռքի 2-րդ մատի կոշտուկի հեռացում, ինչի մասին արձանագրված է զինհոսպիտալի ամբուլատոր հիվանդների հաշվառման մատյանի մեջ, ինչպես նաև, այդ մասին գրառում է կատարվել Ա.Ղազարյանի բուժգրքույկում:
Վերոգրյալի մասին Ա.Ղազարյանը տեղեկացրել է նաև եղբորը` Արմեն Ղազարյանին:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես հայտնել է Արցախի պաշտպանության նախարարությունը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: