ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները կունենան ամենամյա նվազագույն և ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք. օրինագիծ

Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանը օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկում Ազգային ժողովի ախատակազմում պետական ծառայության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարել:

Առաջարկվում է պետական ծառայողի համար սահմանել ամենամյա նվազագույն և ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք:

Պետական ծառայողի ամենամյա արձակուրդի տևողությունը կսահմանվ 20 աշխատանքային օր, իսկ լրացուցիչ արձակուրդի տևողությունը` չորս աշխատանքային օր:

Հիմնավորման մեջ նշվում է, որ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը առաջացել է ԱԺ աշխատակազմում պետական ծառայողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի մասով կիրառված խտրական մոտեցումները շտկելուն և արդարությունը վերականգնելու համար: Մասնավորապես Աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ»: Միաժամանակ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին»  ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասին համաձայն՝ «Պետական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային oրենսդրությամբ, եթե սույն oրենքով այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն»:

«Պետք է նշել, որ վերոնշյալ օրենքով ամենամյա արձակուրդի տրամադրման վերաբերյալ առանձնահատկություններ սահմանված չեն: Ըստ այդմ կարող ենք փաստել, որ  աշխատանքային օրենսդրությունը, մասնավորապես ամենամյա արձակուրդին վերաբերող նորմերը տարածվում են Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայություն իրականացնող ծառայողների նկատմամբ, սակայն լրացուցիչ արձակուրդի մասով կիրառվում է խտրական մոտեցում:

Հաշվի առնելով խնդրի հրատապությունը մեր կողմից նպատակահարմար է համարվել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում առաջարկել համապատասխան փոփոխություններ՝ Աժ աշխատակազմում պետական ծառայողների հանդեպ անարդարությունը վերացնելու համար»,-նշել է պատգամավորը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել