Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է Tert.am լրատվական կայքի հարցին:
Հարց. Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՔԾ կողմից։ Այս հանգամանքը ի՞նչ նշանակություն է ունենալու իր՝ ՀԱԿՊ-ում գլխավոր քարտուղար լինելու վրա, և ընդհանրապես ի՞նչ է լինելու ՀԱՊԿ-ի քարտուղարության հետ․ այլ երկրի՞ց պետք է առաջադրվի, թե՞ մեր երկրից ինչ-որ մեկին պետք է առաջադրենք:
Պատասխան. Սա խիստ ներքին իրավական գործընթաց է, և Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է ՀՀ քաղաքացի։ Միաժամանակ հաշվի առնելով, որ խոսքը գնում է ներկայումս ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար պաշտոնը զբաղեցնող անձին առնչվող գործի մասին, և մեծ կարևորություն տալով Կազմակերպության հեղինակության և անխափան բնականոն աշխատանքի ապահովմանը՝ Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց։
Հայաստանը խիստ հավատարիմ է ՀԱՊԿ ամրապնդման և հզորացման հանձնառությանը ու շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներին։