Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ մարտի 15-ին կառավարության նիստի ժամանակ հանձնարարական տվեց կենսաթոշակի և պետական նպաստների արգելադրման ընթացակարգերի խախտումների վերբերյալ։
«Գործող օրենսդրական կարգավորումները սահմանում են առանձնահատկություններ՝ պետական կենսաթոշակի, նպաստների արգելանքի և բռնագանձման կիրառման դեպքերում։ Մասնավորապես, կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրել գումարի միայն 30 տոկոսի չափով, իսկ պետական նպաստենրի վրա արգելանք բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել։ Միաժամանակ, գործնականում արձանագրվել են նշված օրենսդրական պահանջների խախտման մի շարք դեպքեր, ինչը պայմանավորված է նաև տեխնիկական դժվարություններով, այդ թվում՝ կենսթոշակային համակարգի տվյալների, էլեկտրոնային շտեմարանի, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը հասանելիությանը բացակայությամբ»,-ասաց վարչապետը։
Կարեն Կարապետյանը հանձնարարեց արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին, Թվային Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրենին և առաջարկեց Կենտրոնական բանկի նախագահին երկու ամսում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ գործնականում պետական նպաստների, կենսաթոշակների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ վճարելիների արգելադրման, բռնագանձման, օրենքով սահմանված սահմանափակումների և ընթացակարգերի լիարժեք պահպանելու վերաբերյալ։ Այդ թվում, հարկ է քննարկել թվային գործիքների ներդրման և լուծումների նախատեսման հարցերը։
Ալիսա Չիլինգարյան