Ո՞ր հարցերը չեն կարող դրվել հանրաքվեի և ե՞րբ կարող է հանրաքվեն արգելվել

Ազգային ժողովի մարտի 6-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգ է ընդգրկվել նաև հանրաքվեի մասին օրեքի նախագիծը:

Օրինագծի 5-րդ հոդվածը սահմանում է, թե որ հարցերը չեն կարող դրվել հանրաքվեի:

Այսպիսով, հանրաքվեի չեն կարող դրվել՝ այն օրենքների նախագծերը, որոնք վերաբերում են սահմանադրական օրենքների իրավակարգավորման առարկային, պետական բյուջեին, հարկերին, տուրքերին, այլ պարտադիր վճարներին, համաներմանը, պետության պաշտպանությանը եւ անվտանգությանը, միջազգային պայմանագրերին, վարչատարածքային բաժանմանը, միջհամայնքային միավորումներ ստեղծելուն, նախարարարությունների ցանկին եւ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգին: Ինչպես նաև այն նախագծերը (հարցերը), որոնք արդեն իսկ դրվել են հանրաքվեի նախորդ մեկ տարվա ընթացքում և նույնաբովանդակ են կամ էլ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենքի նախագծերը, եթե օրենքի ընդունումից չի անցել առնվազն մեկ տարի:

Հիշեցնենք, որ գործող օրենքով 4-րդ հոդվածն է սահմնում, որ հանրքավեի չեն կարող դրվել հանրապետության գործող նախագահի և գործող Ազգային ժողովի, ինչպես նաև գործող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետի երկարաձգման կամ կրճատման հարցերը, մարդու և քաղաքացու իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին, դրանց իրականացումն ապահովող սահմանադրական երաշխիքների վերացմանը կամ սահմանափակմանը վերաբերող, ինչպես նաև Սահմանադրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բացառիկ իրավասությանն ուղղակիորեն վերապահված հարցերը:

Հանրաքվե չի կարող անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից: Հանրաքվե չի կարող անցկացվել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների օրը:

Ինչպես նաև այն դեպքում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեի գործընթացը սկսելուց հետո, սակայն մինչև Հանրապետության նախագահի կողմից հանրաքվե նշանակելը, ապա մինչեւ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելը սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են և վերսկսվում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո:

Նշանակված, սակայն ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո եռօրյա ժամկետում:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել