Կստեղծվի վիճակագրության պետական կոմիտեն. նախագիծը քննարկվում է ԱԺ-ում

Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 28-ին, քննարկվում է Պաշտոնական վիճակագրության մասին օրենքը, որով նախատեսվում է ստեղծել վիճակագրության պետական կոմիտե:

Օրենքի նախագիծը ներկայացնում էր վիճակագրական պետական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը:

Նրա խոսքով, նախագիծը մշակվել է Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների համար ՄԱԿ-ի ծրագրով մշակված պաշտոնական վիճակագրության մասին մոդելային օրենքի հիման վրա: Օրենքն ընդունվել էր 2000 թվականին և այս ընթացքում փոփոխություններ ու զարգացումներ են եղել ոլորտում:

Ստեփան Մնացականյանի խոսքով՝  նախագծով սահմանվել է պաշտոնական վիճակագրության արտադրողներից բաղկացած ազգային վիճակագրական ծառայության կառուցվածքը, որը բաղկացած է վիճակագրության կոմիտեից և պաշտոնական վիճակագրության այլ արտադրողներից: Օրենքի երկրորդ գլուխը վերաբերում է պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներին, երրորդ գլուխը՝ ազգային վիճակագրական համակարգին:

«Մասնավորապես հստակեցվել է վիճակագրության պետական կոմիտեի տեղը կառավարման համակարգում: Սահմանվել է, որ կոմիտեն Կառավարության ենթակա պետական մարմին է, որն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է: Կոմիտեն պաշտոնական վիճակագրության գլխավոր արտադրողն է, եւ համակարգում է ազգային վիճակագրական համակարգում պաշտոնական վիճակագրության մշակման, արտադրության եւ տարածմանն ուղղված ողջ գործունեությունը:

Վերանայվել է Կոմիտեի նախագահի և  վիճակագրության պետական խորհրդի անդամների նշանակման կարգը: Ըստ այդմ, Կոմիտեի նախագահին և պետական խորհրդի անդամներին նշանակում է կառավարությունը՝ վարչապետի ներկայացմամբ, 6 տարի ժամկետով:

Բացի այդ, օրինագծով ձևավորվելու է պաշտոնական վիճակագրության հանրային խորհուրդ, որը խորհրդատվական մարմին է լինելու: Այն բաղկացած կլինի 11 անդամից, որոնք ներկայացնելու են տարբեր ոլորտների օգտագործողների: Հանրային խորհրդի անկախությունն ապահովելու նպատակով անդամների մեջ պետական հատվածի ներկայացուցիչները չպետք է մեծամասնություն կազմեն:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել