Սոցիալական ցանցի օգտատիրոջ՝ հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերության արտադրության «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ գրառման հիման վրա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ձեռնարկել է պետական վերահսկողության միջոցառումներ:
Մասնավորապես՝ ՍԱՊԾ աշխատակիցներն այցելել են Մարգարյան 23/6 հասցեում գտնվող «Կայզեր» սուպերմարկետ, որտեղ պահման պայմանների խախտումներ չեն արձանագրվել, իսկ նույն խմբաքանակի մարինացված վարունգի տեղում բացված-կտրատված 3 նմուշների մեջ էլ որևէ բան չեն հայտնաբերել:
Ծառայությունը ներմուծողին հանձնարարել է կապ հաստատել արտադրող ընկերության հետ՝ մանրամասները պարզելու համար:
Մինչ այդ տնտեսավարողը՝ «Lutik» ապրանքանիշի ներմուծող «Մինի Բասկոնիա» ընկերության ներկայացուցիչները, տեղեկացրել են Ծառայությանը, որ խնդիրի մասին բարձրաձայնած քաղաքացու հետ կապ են հաստատել, նրանից նմուշ վերցրել՝ փորձաքննության ներկայացնելու համար: