Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 383-րդ հոդվածի՝
Երաշխիք տված անձը (բանկը, այլ վարկային հաստատությունը կամ ապահովագրական կազմակերպությունը) այլ անձի (պրինցիպալի) խնդրանքով գրավոր պարտավորություն է ստանձնում պրինցիպալի պարտատիրոջ (բենեֆիցիարի) հանդեպ, երաշխիքով ստանձնած պարտավորության պայմաններին համապատասխան, բենեֆիցիարին վճարել դրամական գումար` վերջինիս կողմից գրավոր պահանջ ներկայացնելիս:
Օրենքը սահմանափակել է այն անձանց շրջանակը, որոնք կարող են երաշխիք տալ: Դրանք են՝ բանկերը, վարկային կազմակերպությունները և ապահովագրական ընկերությունները: Ի տարբերություն երաշխավորության, երաշխիքի դեպքում գրեթե միշտ երաշխիքի դիմաց պարտապանը՝ պրինցիպալը, վարձատրում է այն տված անձին: Երաշխավորության դեպքում, որպես կանոն, երաշխավորի պատասխանատվությունն ընդգրկում է պարտապանի պարտավորության ամբողջ ծավալը, ներառյալ՝ տոկոսները, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտատիրոջ՝ պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած այլ վնասները, իսկ ահա երաշխիքի դեպքում երաշխիք տված անձը պատասխանատվություն է կրում երաշխիքում նշված գումարի չափով: Ի տարբերություն երաշխավորության, երաշխիք տված անձի հանդեպ բենեֆիցիարին՝ պարտատիրոջը երաշխիքով պատկանող պահանջի իրավունքը չի կարող փոխանցվել այլ անձի, չնայած երաշխիքով կարող է նախատեսվել նաև այլ իրավակարգավորում: Երաշխիք տված անձի` երաշխիքով բենեֆիցիարին վճարված գումարները հետադարձ կարգով պրինցիպալից պահանջելու իրավունքը սահմանվում է երաշխիք տված անձի և պրինցիպալի համաձայնությամբ: Մինչդեռ երաշխավորության դեպքում պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությամբ պարտատիրոջ իրավունքները՝ անկախ նման համաձայնության առկայությունից, պարտավորությունը երաշխավորի կողմից կատարելու փաստի ուժով: Բենեֆիցիարի առջև երաշխիք տված անձի երաշխիքով պարտավորությունը դադարում է`
-բենեֆիցիարին այն գումարը վճարելով, որով տրված է երաշխիքը.
– երաշխիքով որոշված ժամկետի ավարտով.
– բենեֆիցիարի կողմից երաշխիքով իր իրավունքներից հրաժարվելու և երաշխիքը երաշխիք տված անձին վերադարձնելու հետևանքով.
– բենեֆիցիարի կողմից երաշխիքով իր իրավունքներից հրաժարվելու հետևանքով, երաշխիք տված անձին պարտավորություններից ազատելու մասին գրավոր դիմում տալու միջոցով: