Իրավաբանական անձանց միությունների ուսերին դրված բեռը թեթևացել է․ քննարկում օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ

Հունվարի 25-ին իրավաբանական անձանց միությունների ներկայացուցիչների համար հանդիպում-քննարկում էր կազմակերպվել՝ նոր օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։

ՀՀ ազգային ժողովի կողմից հունվարի 16-ին ամբողջապես ընդունվել են «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունները, ինչի արդյունքում վերացվել է Իրավաբանական անձանց միությունների համար առաջացած խնդիրը:

Բարեփոխման հիմքում եղել են այն օրենսդրական առաջարկությունները, որոնք ներկայացվել էին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից:

Ծրագրի ղեկավար և  Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն հանդիպմանը ներկա շուրջ 10 իրավաբանական անցանց միության ներկայացուցիչներին ներկայացրեց օրենսդրական նոր փոփոխությունները։

Ընդունված օրենսդրական փոփոխության արդյունքում Իրավաբանական անձանց միությունների (ԻԱՄ) կողմից որպես հասարակական կազմակերպության վերակազմավորման ժամկետը 2 տարի ժամկետով երկարացվել է՝ մինչև 2020 թվականը։

Հանվել է գույքի, այլ գույքային իրավունքների ու պարտավորությունների վերաբերյալ փոխանցման ակտ ներկայացնելու պահանջը։ Հանվել է նաև ԻԱՄ անդամ բոլոր իրավաբանական անձանց լիազորված մարմինների կողմից որոշումներ ներկայացնելու պահանջը։ Դուրս է եկել հասարակական կազմակերպության գտնվելու վայրի փոփոխման դեպքում այդ մասին իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնելու պահանջը։

«Շատ ուրախ ենք, որ որոշակի փոփոխությունների կատարմանը հասանք։ Սակայն որոշակի վիճահարույց հարցեր մնացել են, որոնք կշարունակենք քննարկել և առաջարկություններ ներկայացնել։ Կարևորն այն է, որ վերագրանցման ժամկետը երկարացվել է և առանց շտապելու կարող ենք անել դա»,-ասաց Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի նախագահ Սաթիկ Բադեյանը։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության իրավաբան Արկադի Սահակյանն էլ նշեց, որ այս ծրագրի շրջանակում կազմակերպվող հանդիպումները մեծապես օգտակար են․ «Հասկացանք, որ միասնական հանդես գալն ու խնդիրները բարձրաձայնելը արդյունք է տալիս և փոփոխություններ բերում։ Կարևոր է, որ այս փորձն օրինակելի լինի նաև հետագայի համար»։

Հանդիպման վերջում Կարեն Զադոյանը մասնակիցներին հայտնեց, որ օրենսդրության վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում կարող են դիմել  Իրավաբանների հայկական ասոցիացիային՝ իրավաբանական խորհրդատավություն և օգնություն ստանալու համար։

Նշենք, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել