Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այս տարվա հունվարի 11-ին որոշում է ընդունել ընդդեմ Հայաստանի Հանրապետության․ «Պապոյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը հաստատել է, որ խախտվել է ՀՀ քաղաքացի Մարգարիտա Պապոյանի Եվրակոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքը։
Գործի նյութերի համաձայն՝ գանգատաբերը ծնվել է 1949թ-ին և ներկայումս բնակվում է Երևանում։
2002թ․ օգոստոսին Կառավարության ընդունած որոշմամբ Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 345,000 քմ տարածքով անշարժ գույքը բռնագրավվել է՝ պետական կարիքներին ծառայելու նպատակով։ Այս տարածքում գործել է գանգատաբերի կրպակը, որը պատկան մարմինները քանդել են՝ կառավարության այդ որոշման հետևանքով։
2002թ․ հոկտեմբերին որպես փոխհատուցում Երևանի քաղաքապետարանը նրան թույլատրել է 7 տարով վարձակալել 5 քմ հանրային տարածք և այնտեղ տեղափոխել իր կրպակը։ Եվ սրա վերաբերյալ քաղաքապետը համապատասխան որոշում է ընդունում՝ վարձակալության պայմանագիր կնքելու վերաբերյալ։ Սակայն որոշման իրականացման հետ կապված խնդիրներ են առաջանում։
Քաղաքացի Մ․ Պապոյանը ներհայաստանյան դատական ատյաններում հաջողության չհասնելու հետևանքով դիմում է Եվրադատարան։
ՄԻԵԴ-ը վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում և որոշել է՝ պատասխանող պետությունը պետք է որպես ոչ նյութական վնասի հատուցում Մարգարիտա Պապոյանին վճարի 3600 եվրո։
Պատրաստեց՝ Վիկտորիա Բադալյանը
Իրավաբան.net