Կսահմանափակվի փակ և կիսափակ տիպի ՔԿՀ-ներում արտագնա դատական նիստերի անցկացման հնարավորությունը

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված արդարադատության նախարարության նոր նախագծով առաջարկվում է  սահմանափակել փակ և կիսափակ տիպի քրեակատարողական հիմնարկներում արտագնա դատական նիստերի անցկացման հնարավորությունը:

Նախագծի համաձայն՝ գործնականում դատական նիստի անցկացումն առաջացնում է մի շարք խնդիրներ, ինչպիսիք են արտագնա դատական նիստի հրապարակայնության, դռնբացության ապահովման խնդիրը, հանրության իրազեկվածությունը դատական նիստի անցկացման, ինչպես նաև՝ նշանակված հաջորդ դատական նիստի տեղի և ժամի վերաբերյալ և այլն: Այդ պատճառով անհրաժեշտ է օրենքով սպառիչ սահմանել այն դեպքերը (օրինակ` մեղադրյալի ծանր հիվանդությունը), երբ արտագնա դատական նիստի անցկացումը կարող է արդարացվել: Յուրաքանչյուր դեպքում դատարանը պետք է կայացնի պատճառաբանված որոշում` մատնանշելով, թե որ հիմքով է դատական նիստն անցկացնում արտագնա: Արտագնա դատական նիստերի անցկացումը չպետք է նվազեցնի արդար դատաքննության իրավունքը:

Քրեակատարողական օրենսգրքով նախատեսված չեն առանձնահատուկ կարգավորումներ փակ կամ կիսափակ քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստերի անցկացման վերաբերյալ: Մասնավորապես կարգավորված չեն արտագնա դատական նիստերի անցկացման հստակ դեպքերը, առկա չեն այնպիսի կարգավորումներ, որոնք կարող են երաշխիք ծառայել փակ կամ կիսափակ քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստերի միայն սահմանափակ և բացառիկ դեպքերում անցկացման համար:

Քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստ անցկացնելու մասին դատարանը կայացնում է առանձին ակտի ձևով որոշում, որով սահմանվում են արտագնա դատական նիստ անցկացնելու ժամանակը, վայրը, արտագնա դատական նիստ անցկացնելու պատճառները, արտագնա դատական նիստը դռնբաց կամ դռնփակ անցկացնելու վերաբերյալ դատարանի դիրքորոշումը:

Փակ կամ կիսափակ քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստ կարող է անցկացվել, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, այդ թվում.

1) դատապարտյալի կենսաթոշակային տարիքը լրանալու կամ նրան առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչելու, ծանր հիվանդությամբ հիվանդանալու,

2) դատական նիստերի դահլիճում ապացույցի հետազոտումը կատարելու անհնարինության.

3) գործով ապացույցների հետազոտման էական դժվարությունների առաջացման դեպքերում.

4) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը լուծելիս:

Քրեակատարողական հիմնարկում դատական նիստն անցկացվում է այն նշանակելու մասին որոշում կայացնելուց ոչ շուտ, քան 7 օր հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել