2018 թվականին գնաճը աստիճանաբար կմոտենա 4% նպատակային ցուցանիշին և կկայունանա դրա շուրջ: Այս մասին այսօր ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներին ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
«2017 թվականը բնութագրվում է ցածր գնաճային միջավայրով, որը ԿԲ-ն իր քաղաքականությամբ աստիճանաբար մոտեցնում է նպատակայինի: ԿԲ-ն շարունակել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մեղմելով գնանկումային միջավայրը»,-ասաց նա և նշեց, թե դրամավարկային քաղաքականության ծրագրում և տարեկան գնաճի կանխատեսմամբ՝ գնաճը գտնվել է 2,5%-ի շուրջ:
Ջավադյանը ներկայացրեց հարևան երկրների ցուցանիշները՝ Վրաստանում 2017թ. գնաճը կազմել է 6,7%, Ադրբեջանում՝ 7,9%, ՌԴ-ում՝ 2,5%, Ուկրաինայում՝ 19, 9%, Իրանում՝ 10%:
Այնուհետև նա շեշտեց, թե երկու տարի շարունակ գնաճի սպասումները նվազել են, ինչը կարևոր է տնտեսության զարգացման համար՝ ֆինանսական հատվածի, դրամի նկատմամբ վստահությունն է էապես բարձրացել:
«Սակայն ներկայում, պայմանավորված ակցիզային հարկի և մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխությամբ, նաև մի քանի ապրանքատեսակների գների աճով, ավելացել են գնաճի սպասումները, որոնք ուժգնանում են որոշ փորձագետների, գործիչների մամուլում պարբերաբար շրջանառվող չհիմնավորվող սպեկուլյատիվ շահարկումներով: Մենք այդ սպասումները համարում ենք գերագնահատված, դա էր նաև հիմնավորումներից մեկը, որ չնայած գնաճի սպասումների ավելացմանը, ԿԲ-ն դեկտեմբերի վերջին անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքները»,-ասաց նա:
Ջավադյանը նշեց, թե սպառողական զամբյուղը ներկայացնում է առավելապես ցածր եկամուտ ունեցող խավի սպառման կառուցվածքը, և առանձին ապրանքատեսակների բարձրացման չափը կրկին գերագնահատված է: