Երեխայի որդեգրման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 291-րդ գլխի դրույթներով: Երեխա որդեգրելու համար անձը պետք է դիմում ներկայացնի երեխայի բնակության վայրի (գտնվելու վայրի) ընդհանուր իրավասության դատարան:
Դիմումում պետք է նշվեն՝
1) որդեգրել ցանկացող անձի (անձանց) ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը.
2) որդեգրվող երեխայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ժամանակը և բնակության վայրը.
3) եթե որդեգրվող երեխան մինչև մեկ տարեկան է, ապա որդեգրել ցանկացող անձի (անձանց) ցանկության դեպքում նրա (նրանց) միջնորդությունը` որդեգրվող երեխայի ծննդյան ժամանակը փոփոխելու մասին.
4) որդեգրել ցանկացող անձի (անձանց) ցանկության դեպքում նրա (նրանց) միջնորդությունը` որդեգրվող երեխայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ժամանակը և վայրը փոփոխելու, իրեն (իրենց) որպես որդեգրվող երեխայի ծնող (ծնողներ) գրառելու մասին:
Դատարանին ներկայացվող դիմումին պետք է կցվեն`
1) որդեգրել ցանկացող անձի (անձանց) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
2) որդեգրել ցանկացող անձի (անձանց) ամուսնության վկայականի պատճենը, եթե որդեգրել ցանկացող անձը (անձինք) գտնվում է (են) ամուսնության մեջ.
4) տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը։ Եթե երեխան ապրել է որդեգրողի ընտանիքում և նրան համարում է իր ծնողը, ապա որդեգրումը բացառության կարգով կարող է կատարվել առանց որդեգրվող երեխայի համաձայնությունն ստանալու:
Որդեգրմանը երեխայի համաձայնությունը ի հայտ են բերում խնամակալության և հոգաբարձության մարմինները.
5) որդեգրվող երեխայի ծննդյան վկայականը (պատճենը).
6) առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք.
7) որդեգրվող երեխայի կենտրոնացված հաշվառման մասին տեղեկանք.
8) խնամակալության (հոգաբարձության) տակ գտնվող երեխաների խնամակալների (հոգաբարձուների) գրավոր համաձայնությունը.
9) որդեգրման իրավական հիմքերը հաստատող փաստաթղթեր՝ որդեգրվող երեխայի ծնողների կողմից գրավոր հրաժարում կամ գրավոր համաձայնություն՝ երեխային որդեգրման տալու մասին, ծնողի (ծնողների) մահվան վկայականը (վկայականները), ծնողին (ծնողներին) ծնողական իրավունքից զրկելու, ծնողներին անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը, երեխայի ընկեցիկ լինելու դեպքում՝ փաստը հաստատող տվյալներ.
10) անչափահաս ծնողների երեխային որդեգրելիս անհրաժեշտ է նաև նրանց ծնողների կամ խնամակալների (հոգաբարձուների) համաձայնությունը, իսկ ծնողների կամ խնամակալի (հոգաբարձուի) բացակայության դեպքում՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությունը.
11) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի եզրակացությունը՝ որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին` նշելով որդեգրվող երեխայի և որդեգրողի (որդեգրողների) անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնք որդեգրել ցանկացող անձը (անձինք) ներկայացրել են եզրակացությունը ստանալու համար.
12) Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից օտարերկրյա քաղաքացի երեխային որդեգրելիս սույն հոդվածի 1-ին մասի 1-10-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև երեխայի օրինական ներկայացուցչի և այն պետության իրավասու մարմնի համաձայնությունը, որի քաղաքացին է համարվում երեխան, ինչպես նաև որդեգրման համար տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը, եթե դա պահանջվում է նշված պետության օրենսդրությամբ.
13) Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի որդեգրելու դեպքում նույն հոդվածի 1-ին մասի 1-10-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով տրված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված նախնական համաձայնությունը։