Հավի թարմ մսի գինը 22 տոկոսով նվազել է, ձեթը՝ 5 տոկոսով, բարձր տեսակի ալյուրը՝ 6 տոկոսով, ոսպը՝ 37, հնդկաձավարը՝ 52, թթվասերը՝ 4 տոկոսով: Սրանք ևս լայն տեսակի սպառման ապրանքներ են, որոնք հակակշռվելով՝ ստանում ենք այդ 2,6 տոկոսը: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով պատգամավոր Իվետա Տոնոյանի այն դիտարկմանը, թե կառավարության նշած 2,6 տոկոս կազմած գնաճը նրանց համար սարսափելի չէ:
Վաչե Գաբրիելյանը նշեց, որ արձանագրված 2,6 տոկոս գնաճը վերաբերում է սպառողական զամբյուղին, որն ընդգրկում է լայն սպառման առարկաներ և արտացոլում է հասարակության սպառումը:
«Անգամ այս պայմաններում, երբ ունենք առանձին ապրանքների գնաճ, որը ոչ ցանկալի արդյունք է, միաժամանակ ունենք մի շարք ապրանքների մասով նվազում, որի արդյունքում էլ գրանցվել է 2,6 տոկոս: Քաղաքականությունը տարվում է ընդհանուր մակրոտնտեսական տրամաբանությամբ: Հավի թարմ մսի գինը 22 տոկոսով նվազել է, ձեթը՝ 5 տոկոսով, բարձր տեսակի ալյուրը՝ 6 տոկոսով, ոսպը՝ 37, հնդկաձավարը՝ 52, թթվասերը՝ 4 տոկոսով: Սրանք ևս լայն տեսակի սպառման ապրանքներ են, որոնք հակակշռվելով՝ ստանում ենք այդ 2,6 տոկոսը»,-նշեց նա:
Փոխվարչապետը նաև նշեց, որ մշտադիտարկումներ են արվել դիզվառելիքի, սեղմված գազի և բենզինի շուկայում: Մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ որևէ ավել բարձրացում, քան նախատեսվածն էր, չի գրանցվել: «Բոլոր ԱԳԼՃԿ-ներում ստուգումներ են արվել և 7-ում է 210-ի փոխարեն 220 դրամ եղել, որը փոխանցվել և շտկվել է: Մնացած միջոցառումները ավելի երկարատև քննարկումների արդյունք պետք է լինեն, որը կներկայացվի»,-ասաց նա:
Եվգենյա Համբարձումյան