ՀՀ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը կառավարություն «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ է ներկայացրել։ Նախագծով առաջարկվում է թույլ տալ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներ ունեցող ծնողներից մեկին՝ ուսումնական հաստատություն երեխայի հաճախելու ժամանակահատվածում աշխատանքն ավարտել ամենաուշը մինչև 17:00-ն: Հարցը կքննվի վաղը՝ հունվարի 18-ին, Կառավարության հերթական նիստի ժամանակ։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում համայնքների ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամերի առկա ռեժիմը բազմաթիվ դժվարություններ է ստեղծում այն հաճախող սաների ծնողների համար:
Այդ հաստատությունների աշխատաժամն ավարտվում է ժամը 17:30-ին, ինչի հետևանքով երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալն առկա աշխատանքային ռեժիմի պայմաններում ստիպված է լինում լրացուցիչ դժվարություններ կրել՝ ժամանակից շուտ լքել աշխատավայրը, ինչը հարուցում է ղեկավարության դժգոհությունը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սակայն հավանություն չի տվել նախագծին և կառավարությանը կառաջարի մերժել նախագիժը։ Հիմնավորումը՝ նախարարության կողմից այն է, որ Աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ամենօրյա աշխատանքի (հերթափոխի) սկիզբը և ավարտը սահմանվում են գործատուի ներքին կարգապահական կանոններով, բացառությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների, որտեղ աշխատաժամանակի սկիզբը և ավարտը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ այսօրվա դրությամբ աշխատաժամանակի սկիզբը ժամը 9.00-ն է, իսկ ավարտը` 18.00-ն:
Հետևաբար, Նախագծով առաջարկվող կարգավորումը և հիմնավորման մեջ նշված պնդումն առ այն, որ աշխատանքային օրվա ավարտը ժամը 17.00-ը սահմանելու պարագայում աշխատանքային ժամերը կկրճատվեն մեկ ժամով, վերաբերելի է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների, ինչպես նաև այն կազմակերպությունների աշխատողներին, որտեղ գործատուի ներքին կարգապահական կանոններով աշխատանքային օրվա ավարտը սահմանված է ժամը 18.00-ը: Մինչդեռ, գործատուներն ազատ լինելով սահմանելու աշխատանքային օրվա սկզբի և ավարտի ցանկացած ժամ, կարող են աշխատանքային օրվա սկիզբը սահմանել օրինակ` ժամը 13.00-ն, իսկ ավարտը` ժամը 21.00-ն, արդյունքում, նախագծի ընդունման դեպքում աշխատանքային օրվա տևողությունը կկրճատվի ոչ թե մեկ, այլ՝ չորս ժամով:
Բացի այդ, հնարավոր են դեպքեր, երբ նախադպրոցական ուսումնական հաստատությունում աշխատանքային օրվա ոչ միայն ավարտը, այլ նաև սկիզբը չհամապատասխանեն աշխատողի աշխատանքային օրվա սկզբի և ավարտի հետ: Օրինակ, եթե աշխատողի աշխատանքային օրը սկսվում է ժամը 9.00-ին, միաժամանակ նույն ժամին է սկսվում նաև նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքային օրը, ապա աշխատողի համար խնդիր կլինի նաև առավոտյան ճիշտ ժամին աշխատանքի ներկայանալը: Առաջարկվող կարգավորման պարագայում խնդրահարույց է նաև այն դեպքը, երբ նախադպրոցական ուսումնական հաստատությունում աշխատանքը ավարտվում է ոչ թե 17.30-ին, այլ ավելի շուտ: Ուստի, նշված դեպքերում, առաջարկվող կարգավորումը չի ծառայի իր նպատակին: