Ամբաստանյալ Թ. Ալավերդյանին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ճանաչել է մեղավոր և դատապարտել 6 տարի 6 ամիս ազատազրկման:
Թ. Ալավերդյան տեղեկանալով, որ «Բավագարմ» ՍՊԸ տնօրեն Ա. Վարդանյանը ցանկանում է մսամթերք արտահանել ՌԴ, վերջինիս հայտնել է, թե իբր մաքսային մարմիններում ունի ծանոթներ և կարող է էժան գնով կազմակերպել մսամթերքի արտահանումը:
Հիշյալ պատրվակն օգտագործելով` ընկերության արտադրամասում Ա.Վարդանյանից ստացել է ընդհանուր 713 կգ քաշով առանձնապես խոշոր չափերի` 5.085.000 ՀՀ դրամ արժողության մսամթերք` խաբեությամբ տիրանալով ՍՊԸ-ին պատկանող գույքին:
Բացի այդ, Թ. Ալավերդյանը նպատակադրվելով ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը` 18.03.2016թ. ՀՀ քաղաքացի Պ. Սարգսյանից վերցրել է նրան պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան և ուղևորվել ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» ՀԱԿ, որտեղ հիշյալ ավտոմեքենայից հափշտակելով Պ. Սարգսյանի անձնագիրը և այն օգտագործելով` առանց սահմանված փաստաթղթի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և անցել Վրաստան:
Թ. Ալավերդյանի պաշտպան Ս.Գուլքանյան բողոք էր ուղարկել վերաքննիչ դատարան: Նախագահող դատավոր Մհեր Արղամանյանի գլխավորությամբ դատարանը մասնակիորեն բավարարեց նրա բողոքը:
Վճռում ասվում է. «Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի մայիսի 19-ի դատավճիռը քրեական գործով ըստ մեղադրանքի Թ. Ալավերդյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 329-րդ հոդվածի 1-ին մասով և 324-րդ հոդվածի 1-ին մասով մասնակիորեն բեկանել և փոփոխել:
Թելման Արշակի Ալավերդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը, 329-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 1 տարի ժամկետով ազատազրկումը և 324-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 6 ամիս ժամկետով ազատազրկումը ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով մասնակիորեն գումարելու միջոցով Թ. Ալավերդյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 5 /հինգ/ տարի ժամկետով:
«Բավագարմ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված քաղ. հայցի մասով վարույթը կարճել:
Մնացած մասով դատավճիռը թողնել անփոփոխ»:
Գործը գտնվում է Վճռաբեկ դատարանի վարույթում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: