Ո՞վ է պատասխանատվություն կրում մինչև 14 տարեկան անչափահասների պատճառած վնասի համար

Տասնչորս տարեկան չդարձած անչափահասի (փոքրահասակի) պատճառած վնասի համար պատասխանատվություն են կրում նրա ծնողները, որդեգրողները կամ խնամակալը, եթե չեն ապացուցում, որ վնասն անչափահասի (փոքրահասակի) մեղքով չի պատճառվել: Սա ամրագրված է ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 1067-րդ հոդվածով:

Ըստ օրենքի, եթե խնամակալության կարիք ունեցող փոքրահասակը գտնվել է համապատասխան դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ այլ նմանօրինակ հաստատությունում, որն օրենքի ուժով նրա խնամակալն է (հոդված 37), այդ հաստատությունը պարտավոր է հատուցել փոքրահասակի պատճառած վնասը, եթե չի ապացուցում, որ վնասը անչափահասի (փոքրահասակի) մեղքով չի պատճառվել:

Նշենք նաև, որ եթե փոքրահասակը վնաս է պատճառել այն ժամանակ, երբ նա գտնվել է կրթական, դաստիարակչական, բուժական կամ այլ հաստատության հսկողության ներքո, որը պարտավոր էր հսկողություն իրականացնել նրա նկատմամբ կամ պայմանագրի հիման վրա փոքրահասակի նկատմամբ հսկողություն իրականացնող անձի հսկողության ներքո, այդ հաստատությունը կամ անձը պատասխանատվություն է կրում փոքրահասակի պատճառած վնասի համար, եթե չի ապացուցում, որ վնասն անչափահասի (փոքրահասակի) մեղքով չի պատճառվել, և եթե այլ բան նախատեսված չէ փոքրահասակի ծնողների, որդեգրողների կամ խնամակալի և կրթական, դաստիարակչական, բուժական կամ այլ հաստատության միջև կնքված պայմանագրով:

Այն անձը, որն օժտված չէ ծնողական իրավազորությամբ, որին, սակայն, լիազորությունների փոխանցմամբ կամ որևէ այլ ճանապարհով վստահվել է անչափահասի նկատմամբ խնամքի, հսկողության կամ դաստիարակության իրականացումը, պարտավոր է հատուցել անչափահասի գործողությունների հետևանքով պատճառված վնասը, եթե այլ բան նախատեսված չէ լիազորողի կամ վստահողի և անչափահասի նկատմամբ խնամք, հսկողություն կամ դաստիարակություն իրականացնողի միջև կնքված պայմանագրով:

Փոքրահասակի պատճառած վնասը հատուցելու, ծնողների, որդեգրողների, խնամակալի, կրթական, դաստիարակչական, բուժական և այլ հաստատությունների պարտականությունը չի դադարում փոքրահասակի չափահաս տարիքի հասնելով կամ նրա կողմից վնասը հատուցելու համար բավարար գույք ստանալով:

Եթե ծնողները, որդեգրողները, խնամակալը կամ պատասխանատու այլ անձիք մահացել են կամ բավարար միջոցներ չունեն տուժածի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու համար, իսկ վնաս պատճառողը, դառնալով լրիվ գործունակ, ունի այդպիսի միջոցներ, դատարանը, հաշվի առնելով տուժողի և վնաս պատճառողի գույքային դրությունը, ինչպես նաև այլ հանգամանքներ, իրավունք ունի վճիռ կայացնել վնասի հատուցումը լրիվ կամ մասնակիորեն վնաս պատճառողի վրա դնելու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել