«Պեպոն» Սունդուկյանի լավագույն ստեղծագործությունն է, հայ թատերգության բարձրագույն նվաճումներից մեկը: Գործողությունը տեղի է ունենում Թիֆլիսում 1870-ական թվականներին: Կատակերգության սյուժեն հետևյալն է. Կեկելին նշանել են` փեսացուին խոստանալով հարյուր թուման, այսինքն` հազար ռուբլի օժիտ: Պեպոյի հանգուցյալ հայրը ժամանակին այդ գումարը պահ էր տվել Զիմզիմովին, բայց բարաթը, այսինքն` պարտքը հաստատող մուրհակը, կորել էր: Զիմզիմովն ուրանում է պարտքը, և օժիտը չստանալու պատճառով փեսացուն հրաժարվում է Կեկելից:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877 հոդվածի` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:
Նույն օրենսգրքի 878 հոդվածի համաձայն` փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր:
Ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:
Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է փոխառության պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:
Աղբյուրը`Իրավաբան.net