Հոկտեմբերի 30-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցրած և սպանության փորձի մեջ մեղադրվող Արգամ Հովիկյանը ցուցմունք է տվել: Այս մասին ասաց նրա պաշտպանը՝ Արսեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Արգամ Հովիկյանը ցուցմունք է տվել, որի համաձայն նա պատրաստվում էր գնալ մանկապարտեզ, որտեղ կինն է աշխատում և համոզել նրան վերադառնալ տուն ու եթե չհամոզվի, ապա ինքնասպան լինել:
«Դանակը մանկապարտեզ հենց այդ նպատակով է տարել»,-ասաց Սարգսյանը:
Արգամ Հովիկյանի մտադրությունները փոխվել են, երբ մանկապարտեզի տնօրենը, որը իր պաշտպանյալի կնոջ տատիկն է, միջամտել է նրանց խոսակցությանը:
Նրա խոսքով՝ երեխային պատանդ վերցնելուց հետո պահանջել է իր մոտ բերել կնոջը, որպեսզի ինքնասպանություն գործի նրա աչքի առաջ:
Հարցին, թե դատաբժշկական փորձաքննության արդյունքները հայտնի՞ են, Սարգսյանն ասաց, որ ըստ դրանց արդյունքների՝ իր պաշտպանյալը սթափ է եղել:
Կինը վնասվածքներ է ստացել, երբ Արգամ Հովիկյանը փորձել է նրան դանակով սպառնալու միջոցով դուրս հանել մանկապարտեզից:
Մեղադրվողը հիմա գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին, ժամը 16.25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ: Ներս խուժած անձը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահել մեկ երեխայի: Նրա հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, ինչից հետո կիրառվել է հատուկ միջոց։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քննիչը որոշում է կայացրել Հովիկյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: