Պայթյուն Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ

Ermenihaber.am-ից տեղեկանում ենք, որ Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում հոկտեմբերի 4-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 4 զինվոր, ևս 4-ը վիրավորվել են։

Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ պայթյունի պատճառը եղել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից նախապես ճանապարհին տեղադրված ինքնաշեն ռումբը։

Տուժածները տեղափոխվել են Յուքսեքովայի պետական հիվանդանոց։ Պայթյունի կազմակերպիչներին հայտնաբերելու նպատակով լայնածավալ աշխատանքներ են սկսվել, դեպքի վայր են բերվել բազմաթիվ զրահամեքենաներ։

Հաքքարիի նահանգապետարանը դեպի առթիվ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ «04․10․2017թ․ մեր նահանգի Յուքսեքովա շրջանում զինվորական մեքենայի ընթացքի ժամանակ գործարկվել է անջատողական ահաբեկչական խմբավորման անդամների կողմից նախապես ճանապարհին տեղադրված ինքնաշեն ռումբը, ինչի հետևանքով 4 զինվոր զոհվել է, 4-ը վիրավորվել։ Դեպքի հետաքննությունը շարունակվում է»։

Հավելենք, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության հրապարակած տեղեկության համաձայն՝ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում սպանվել է 49 քուրդ զինյալ, 4-ը գերի են վերցվել, ևս 15-ը ինքնակամ հանձնվել են։ Միևնույն ժամանակ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում ձերբակալվել են 204 անձ, ովքերն կասկածվում են PKK – ի և «Իսլամական պետության» (ԻՊ-DEAŞ) հետ կապի մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել