Պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Լևոն Մարտիրոսյանը քիչ առաջ հետևյալ բովանդակությամբ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.
.
«Քիչ առաջ հարցազրույց տվեցի մի շարք լրատվամիջոցների, որոնք դիմել էին ինձ իմ դեմ սկսված արշավի հետ կապված հարցերով: Ասել եմ մոտավորապես հետևյալը.
.
Վերջերս որոշ շրջանակներ շարունակեցին իրենց արշավը իմ դեմ կրկին որպես խոսափող ընտրելով մեր վաստակավոր մարզիկներին: Մի քանի օր առաջ ԱԺ ամբիոնից ես հանդես եկա հայտարարությամբ և ևս մեկ անգամ ներկայացրի իմ կարծիքն ու դիրքորոշումը վերջին օլիմպիական խաղերում մեր հավաքականի ելույթի, այսինքն Հայաստանի օլիմպիական ելույթի վերաբերյալ: Դա չգիտես ինչու այնպիսի իրարանցում առաջացրեց վերոնշյալ շրջանակների մոտ, կարծեք թե խոսքը գնացել էր պատերազմը տանուլ տալու մասին:
.
Կրկնում եմ ևս մեկ անգամ. փառք ու պատիվ մեր բոլոր մարզիկներին, ովքեր երբևէ, այդ թվում 2012 թ. օլիմպիական խաղերում մեդալներ են շահել և բարձր են պահել մեր հայրենիքի պատիվը: Խոսքը ոչ այս մարդկանց մասին է եղել, ոչ էլ ընդհանրապես մարզաշխարհի: Խոսքը, ընդհանուր առմամբ, մեր հավաքականի ելույթի մասին է, որը նույնիսկ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ անվանել բավարար:
.
Համեմատության համար մեր տարածաշրջանի երկրներից Վրաստանը շահել է 7 մեդալ, որից 1 ոսկի, 3 արծաթ, 3 բրոնզ: Ադրբեջանը շահել է 10 մեդալ, որից 2 ոսկի, 2 արծաթ, 6 բրոնզ, մենք շահել ենք 1 արծաթ, 2 բրոնզ և փառք ու պատիվ այն մարզիկներին, որոնք այդ մեդալները շահել են: Բայց այն մարդիկ, ովքեր ինձ կոչ են անում, այսպես ասած, մի քիչ զգույշ լինել իմ արտահայտություններում, թող համեմատեն այս թվերը:
.
Եվ ես ուզում եմ կոչ անել այն սպորտային եւ ոչ սպորտային միջին կամ ցածր կլասի չինովնիկներին, ովքեր լավ չեն հասկանում իմ ասածները ուշադիր լսեն իմ հայտարարությունները եւ սկսեն հասկանալ: Իսկ եթե բան ունեն ասելու ինձ կամ որևէ մեկին, բարի լինեն չթաքնվեն ուրիշի հետեում և ասեն անձամբ ու հրապարակային:
.
Սպորտը որեւէ մեկի սեփականությունը չէ: Միայն պրոֆեսիոնալ սպորտսմենները չեն, որ իրավունք ունեն կարծիքներ արտահայտել սպորտի վերաբերյալ: Կա նաեւ սպորտային երկրպագուների մեծ բանակ, որն ուրախանում է իր երկրի մարզիկների հաջողություններով և տխրում է անհաջողություններից:
.
Վերջապես սպորտը ֆինանսավորվում է պետության կողմից, և մեր հարկատուները շատ մեծ իրավունք ունեն իմանալու ինչի վրա և ինչպես են ծախսվում իրենց գումարները ինչպես ցանկացած այլ բնագավառում, այնպես էլ սպորտի բնագավառում: Ավելորդ չի լինի սահմանել հասարակական վերահսկողություն այս բնագավառում իրականացվող ֆինանսական հոսքերի և իրականացվող ծրագրերի եւ միջոցառումների նկատմամբ և դրանից մեր սպորտը միայն կշահի:
.
Եվ քանի որ որոշ անհեռատես շրջանակներ ինձ արհեստականորեն ներքաշեցին այս ոլորտի խնդիրների մեջ, ես ուզում եմ նրանց ասել, որ կամ թող հանդարտվեն և արհեստական շոուներ չկազմակերպեն, որին միայն մեկ տեսախցիկ է լինում, կամ էլ չզարմանան, իմ որպես ԱԺ պատգամավորի հետևողականությունից:
.
Ես վախենալու ոչինչ չունեմ: Ընդհանրապես եթե ինձ հեռակա կարգով վախեցնողներ կան, թող իմանան, որ սխալ հասցեատեր են գտել իրենց համար: Բացարձակ վախենալու չի»:
.
Աղբյուրը` Իրավաբան.net