Գործադիրը ցանկանում է Հայաստանում ստեղծել միասնական երթուղային ցանց

Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը:

Նախագծով նախատեսվում է տեխնիկական առաջադրանքի շրջանակներում ըստ մարզերի հավաքագրվել տվյալներ, որոնց հիման վրա մարզերն ըստ խոշոր քաղաքների կբաժանվեն տարածաշրջանների, կսահմանվեն օպտիմալ երթուղիներ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ տեխնիկական առաջադրանքի հիմնական նպատակն է ստեղծել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան:

Նախարարը վստահեցրեց՝ այս նախագիծը հնարավորություն կտա հանրապետության բոլոր համայնքները ապահովել տրանսպորտային սպասարկմամբ՝ բարձրացնելով ուղևորափոխադրումների արդյունավետությունն ու ոլորտի վերահսկողության մակարդակը։

«Այսինքն՝ մենք հիմա ի՞նչ ենք ասում, որ մենք գիտենք՝ ինչպես ենք մրցույթը կազմակերպելու, ինչ լոտերի ենք բաժանելու, ինչ ժամկետներով ենք անելու, որ ամբողջ դաշտը փակենք, շահութաբերության նորման մոտավորապես հաշվարկենք»,- դիմելով նախարարին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը, իսկ Վահան Մարտիրոսյանը հավելեց․ «Նախ և առաջ մենք գնահատում ենք բոլոր համայնքների մարդկանց քանակը, նախատեսում ենք ուղևորահոսքերը, դրան համապատասխան կազմվելու է չվացուցակ ու ավտոբուսների մեծությունն է ընտրվելու։ Առաջադրանքի մեջ տրվում է «աստղի» գաղափարը, այն է՝ բոլոր մարզերում փոքր համայնքներից միանալու է և՛ մարզկենտրոնին, և՛ մարզի մեծ քաղաքներին, այնտեղից կատարվելու է արդեն ուղևորափոխահոսքը, չվացուցակը կազմվելու է մեծ քաղաքների միջև ու Երևան եկող»։

Այս պահին գործադիրը տեխնիկական առաջադրանքն է տալիս, որպեսզի հետագայում մաթեմաթիկական մոդելը կառուցվի։

Նախարարը տեղեկացրեց, որ մի քանի օպերատորների հետ քննարկել են հարցը, հայտարարելու են մեծ մրցույթ, որ միջազգային ընկերություններն էլ մասնակցեն։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել