Պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների քանակը նվազեցվել է․ Կարեն Կարապետյան

Կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների քանակը 127-ից նվազեցվել է մինչև 85-ի։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ տեղեկացնելով, որ 2016թ․ հոկտեմբերից հետո շուրջ 67 պետական ծառայություն իրականացնելու իրավասությունը պատվիրակվել է նաև մասնավոր կազմակերպությունների․ «Միաժամանակ այն ծառայություններ, որոնք մատուցվում են բացառապես պետական մարմինների կողմից դեռևս պարունակում են խնդիրներ, մասնավորապես իրավաբանական և ֆիզիկական անձանց լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման ձգձգումներ, վարչարարական ձևական պահանջներ և այլն»,- ասաց Կարեն Կարապետյանը, ավելին՝ նրա խոսքերով որոշ գերատեսչություններում բացակայում են պետական ծառայությունների մատուցման միասնական մեխանիզմներ և մեկ պատուհանի հնարավորություն։

Հաշվի առնելով կառավարության ծրագրով սահմանված գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունը՝ կառավարության ղեկավարը հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին մեկ ամսում մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել վարչարարությունը պարզեցնելու, կանխատեսելի դարձնելու, մեկ պատուհան սկզբունքը ապահովելու և ըստ անհրաժեշտության դրանց քանակը նվազեցնելու վերաբերյալ գործողությունների ծրագիր։

Նա նաև ընդգծեց, որ հարկավոր է մանրակրկիտ ուսումնասիրել ոլորտը։ Վարչապետը թեև չհրապարակեց կոնկրետ մարմինների անուններ, բայց անկեղծացավ, որ որոշ գերատեսչություններում անթույլատրելի վիճակ է։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել