Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից հաստատված՝ բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա ապրանքներին և օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտին բուսասանիտարական պահանջները (2016 թվականի նոյեմբերի 30-ի N 157 որոշում):
Այդ պահանջների համաձայն՝ կթույլատրվի առանց բուսասանիտարական հավաստագրի ուղեկցության Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծել մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բարձր ռիսկայնության բուսասանիտարական արտադրանք, ինչպես նաև՝ առավելագույնը 3 ծաղկեփունջ: Խոսքը Եվրասիական տնտեսական միության մաքսային սանմանով ձեռքի ծանրոցներում, նավերի, ինքնաթիռների, ուղևորական վագոնների, ավտոտրանսպորտային միջոցների ուղևորների, ինչպես նաև նշված փոխադրամիջոցների վարորդների և անձնակազմի անդամների՝ ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռներում փոխադրվող ապրանքատեսակների մասին է:
Տեղեկացնենք, որ Եվրասիական տնեսական միության մաքսային տարածք ներմուծվող և միության մաքսային տարածքով փոխադրվող ուղեբեռներում սերմերը և տնկանյութերը (ներառյալ սերմացու և արդյունաբերական կարտոֆիլը, սելեկցիոն և գիտահետազոտական նպատակների համար նյութերը) պետք է առանց քանակային սահմանափակման և ռիսկի աստիճանի ուղեկցվեն բուսասանիտարական հավաստանգրերով՝ տրված արտահանող երկրի և/կամ վերաարտահանող երկրի բուսասանիտարիայի ոլորտում լիազոր մարմնի կողմից:
Մաքսային միության կողմից սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա արտադրանքի ցանկին` ըստ բարձր և ցածր ռիսկայնության, կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խնդրում է քաղաքացիներին ներմուծման ժամանակ հետևել սահմանված թույլատրելի չափաքանակներին և հիշեցնում, որ արտահանման համար բուսասանիտարական հավաստագրեր կարող են ստանալ ՍԱՊԾ սպասարկման կենտրոնում՝ Կոմիտաս 49/2 հասցեով, ինչպես նաև Երևանի, «Զվարթնոց» օդանավակայանի, Բագրատաշենի, Ագարակի, Գոգավանի Բավրայի, Գյումրու և Այրումի սահմանային հսկիչ կետերում: