Ավտոբուսի վարորդը մեղադրվում է ուղևորուհուն ծանր մարմնական վնաս հասցնելու համար

Երևանյան ավտոբուսներից մեկի վարորդ Արմեն Հովհաննիսյանը մեղադրյալի աթոռին է հայտնվել ուղևորուհուն անզգուշությամբ վնաս հասցնելու համար: Գործը քննվում է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արմեն Հովհաննիսյանը 2017թ. փետրվարի 3-ին ավտոբուսով երթևեկել է Խորենացի փողոցի կողմից Մաշտոցի պողոտայով  դեպի Թումանյան փողոցի ուղղությամբ: Երբ հասնել է Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի դիմաց գտնվող  կանգառ,  կանգնեցրել է ավտոբուսը՝  թույլ տալով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի պահանջին հակասող գործողություն:

Նա համոզված չլինելով, որ ուղևորուհին արդեն իսկ իջել է ավտոբուսից, իրականացրել է իր վարած ավտոբուսի ընթացքի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում, ինչի հետևանքով կինը ավտոբուսից իջնելիս վայր է ընկել: Կնոջ առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս: Այնուհետև թողել է պատահարի վայրը և հեռացել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել