Երևանի քաղաքապետարանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ նախորդ տարվա ապրիլին ռազմական գործողությունների ժամանակ առաջնագծում զոհված զինծառայողների ծնողներին տրամադրվել են սրտանոթային անվճար հետազոտությունների և բժշկական այլ միջամտությունների համար անժամկետ հավաստագրեր:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ծրագրի առաջին փուլով բժշկական կենտրոնում սրտանոթային հիվանդությունների հայտնաբերման և կանխարգելման առաջնային հետազոտություններ են անցել 25 զոհված զինծառայողների ծնողներ:
Բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը նշել է, որ նախաձեռնության հիմնական նպատակը ծնողներին կենտրոնի կողմից հնարավոր աջակցություն ցուցաբերելն է: Ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ հավաստագիր կստանան զոհված 75 զինծառայողների ծնողներ: Հետազոտություններից հետո, ըստ անհրաժեշտության, ծնողներին կտրամադրվի համապատասխան բուժօգնություն՝ ընդհուպ կկատարվեն վիրահատական միջամտություններ: Նախաձեռնությունը լինելու է շարունակական:
Ծրագրի մեկնարկի շրջանակում բժշկական կենտրոնում կազմակերպվել է նաև հուշ-ցերեկույթ, որին զոհված զինծառայողների ծնողների հետ միասին ներկա են գտնվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ էդուարդ Շարմազանովը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձիք:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ Դավիթ Օհանյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես կանգնած է երևանաբնակ զինծառայողների ընտանիքների կողքին և շարունակելու է իր լիազորությունների շրջանակում աջակցել նրանց:
«Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, մշտապես կանգնած է զոհված զինծառայողների ընտանիքների կողքին: Մենք խոնարհվում ենք ձեր որդիների հիշատկի և ձեր առջև ու վստահեցնում, որ պաշտպանության նախարարության հետ մեր համագործակցության շրջանակում ջանք չենք խնայելու հնարավորին աջակցելու զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում առողջապահական ոլորտին առնչվող խնդիրների լուծման հարցում», – նշել է Դավիթ Օհանյանը:
Ներկա պաշտոնատար անձիք իրենց հերթին ևս ընդգծել են նմանօրինակ նախաձեռնությունների կարևորությունը՝ ազգ-բանակ կապի ամրապնդման համատեքստում:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ընդգծելով բժշկական կենտրոնի դերը առողջապահության ոլորտում և զինծառայողների ընտանիքների ու ազատամարտիկների հանդեպ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքը, շնորհակալություն է հայտնել բժշկական կենտրոնին սույն նախաձեռնության համար:
ՀՀ պաշտպանության նախարարության հետ երկարատև համագործակցության, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամներին մասնագիտացված բժշկական օգնության կազմակերպման համար Վիգեն Սարգսյանը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանին պարգևատրել է «Գարեգին Նժդեհ» մեդալով: