ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիում տեղի ունեցած կրակոցների դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
2017թ. հունիսի 25-ին՝ ժամը 22:50-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Գյումրի քաղաքի սրճարաններից մեկի դիմաց հնչել են կրակոցներ:
Ապա նույն օրը՝ ժամը 23:15-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել քաղաքացի Գ.Հակոբյանը:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդը մարմնական վնասվածքներն ստացել է նշված սրճարանի դիմաց հնչած կրակոցների ժամանակ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները, միջադեպին մասնակից անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: