Կառավարության նոր ծրագրով նախատեսվում են մի շարք բարեփոխումներ բարձրագույն կրթության ոլորտում:
Մասնավորապես, բարձրագույն կրթության որակի արդիականացման, արդյունավետության և մատչելիության բարձրացման նպատակով կառավարությունը նախատեսում է`
1) բարելավել բարձրագույն կրթության բովանդակային հենքը և կրթական գործընթացը՝
ա. 2017-2018 թվականների ընթացքում բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակին համապատասխան մշակել որակավորումների ոլորտային շրջանակներ,
բ. 2019-2021 թվականների ընթացքում վերանայել մասնագիտությունների կրթական ծրագրերի բովանդակությունը և կառուցվածքը` ուղղորդելով դեպի ուսումնառության վերջնարդյունքները՝ ներմուծելով ճկուն մոդուլային կառուցվածքների և ուսանողի առաջընթացի ապահովման անհատականացված մոդել,
գ. 2019-2021 թվականների ընթացքում մագիստրոսի և ասպիրանտի կրթական ծրագրերում զարգացնել հետազոտական ու նորարական բաղադրիչները,
դ. 2017 թվականին սկսել և 2022 թվականին ավարտել բուհերում ծրագրային հավատարմագրման գործընթացը:
Բուհերի միաջազգայնացման գործընթացների ընդլայնման և բազմազանեցման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝
1) 2017-2022 թվականների ընթացքում ապահովել Հայաստանի եվրոպական բարձրագույն կրթական տարածքի գործընթացներին շարունակական ակտիվ մասնակցությունը և Բոլոնիայի գործընթացի նպատակների հետևողական իրագործումը.
2) 2019-2021 թվականների ընթացքում կրթական ծրագրերի կառուցվածքում նախատեսել ուսանողների շարժունության հնարավորություններն ընդլայնող ուսումնական մոդուլներ՝ «Շարժունության պատուհաններ»:
Բարձրագույն կրթության համակարգի և բուհերի արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝
1) մինչև 2018 թվականի ավարտը կատարելագործել և գործարկել բարձրագույն կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգը` բուհական և ազգային մակարդակներում.
2) մինչև 2019 թվականի ավարտը ձևավորել բնագիտական և ինժեներական ոլորտում բուհ-գիտահետոզատական ինստիտուտ-գործատու գիտակրթական կլաստերներ.
3) 2019-2022 թվականների ընթացքում իրականացնել բարձրագույն կրթության համակարգի և բուհերի արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագիր:
Բարձրագույն կրթության համակարգի ֆինանսավորման գործառույթների բարելավման նպատակով կառավարությունը նախատեսում է՝
1) մինչև 2018 թվականի ավարտը վերանայել բարձրագույն ուսումնական հաստատությունների պետական ֆինանսավորման մեխանիզմները և ուսանողական կրթաթոշակների ու նպաստների տրամադրման սկզբունքները.
2) 2018-2019 թվականների ընթացքում ձևավորել ՀՀ բարձրագույն կրթական համակարգում բուհական անձեռնմխելի ֆոնդեր.
3) 2019 թվականից սկսած ապահովել բնակչության բոլոր խավերի համար բարձրագույն կրթություն ստանալու հավասար հնարավորություններ` ավելացնելով պետության կողմից ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների թիվը՝ ուղղելով գերակա ոլորտների մասնագիտություններին և ուսանողական խոցելի խմբերին:
2017 թվականի ընթացքում բարձրագույն կրթության ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով կառավարությունը նախատեսում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացում ՀՀ Ազգային ժողով: