Անձի իրավունքների պաշտպանության գործում մեծ դերակատարություն ունեն փաստաբանները: Փաստաբանը, բացի մասնագիտական որակներից, պետք է տիրապետի բազմաթիվ հմտությունների` այդ թվում հոգեբանական գիտելիքների, որպեսզի արդյունավետորեն ապահովի քաղաքացիների հետ շփումը և փաստաբան-վստահորդ հարաբերությունների ձևավորումը:
Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը և ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով:
Փաստաբանը կարող է իրականացնել հետևյալ գործունեությունը՝
1) խորհրդատվություն, ներառյալ՝ վստահորդներին խորհրդատվություն տրամադրելը նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, փաստաթղթերի ուսումնասիրումը, իրավաբանական բնույթի այլ փաստաթղթերի կազմումը (այսուհետ` խորհրդատվություն).
2) ներկայացուցչություն, ներառյալ՝ ներկայացուցչությունը դատարանում (այսուհետ` դատական ներկայացուցչություն).
3) քրեական գործերով պաշտպանություն.
4) օրենքով նախատեսված դեպքում և կարգով վկային իրավաբանական օգնություն ցույց տալը:
Աղբյուրը` Իրավաբան.net