Հոկտեմբերի 8-ին ՀՀ Զինված ուժերում նշում են Տանկիստի օրը

Այսօր ՀՀ Զինված ուժերում նշում են Տանկիստի օրը: 1992 թվականի հոկտեմբերի 8-ին, 20 տարի առաջ, ավարտվեց ՀՀ ԶՈՒ տանկային զորամասի ձևավորումը, իսկ հետագա տարիներին` շարունակեցին կատարելագործվել ՀՀ ԶՈւ տանկային ստորաբաժանումները:
Տանկային ստորաբաժանումների դերը չափազանց մեծ էր Արցախյան գոյապայքարում: Արցախյան ազատամարտի տարիներին Հայոց բանակն ուներ ընդամենը մի քանի տանկ, որոնց մեծ մասը, կարելի է ասել, ռազմավար է եղել` հակառակորդից վերցված տեխնիկա: Բանակում դժվարություններ են առաջացրել նաև մասնագետների պակասը. չեն եղել պատրաստված տանկիստներ, ինժեներներ, որպեսզի նորորգեն, շարք վերադարձնեն վնասված տեխնիկան: Սակայն մեր տանկիստներն իրենց ունակություններով շատ կարճ ժամանակահատվածում հաջողություններ են արձանագրել: Տանկային ստորաբաժանումները գերազանց կատարել են իրենց խնդիրը` թե´ հարձակման, թե´ պաշտպանության առումով:
Շուշիում է գտնվում 1992 թ. մայիսի 9-ի Շուշիի ազատագրումը խորհրդանշող տանկի հուշարձանը, որը մեր ստորաբաժանումների սխրանքն է հավերժացնում: Բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով` տանկային ստորաբաժանումները ժամանակի ընթացքում կայացել են: Այսօր Հանրապետությունում ունենք նորոգման գործարաններ, որոնք լիարժեք կատարում են տանկերի, կամ ընդհանուր զրահատեխնիկայի վերանորոգման աշխատանքները: Հանրապետությունում գործում են նաև առանձին ուսումնական հաստատություններ. (Արմավիրի ուսումնական կենտրոնում, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ):
1996-ից սկսած, Վազգեն Սարգսյանի հրամանով, հոկտեմբերի 8-ը նշվում է որպես Տանկիստի օր:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել