ՀՀ կառավարությունը որոշել է ԵՄ անդամ պետությունների և ԵՄ շենգենյան դրույթները կիրառող` Եվրոպական միության ոչ անդամ պետությունների քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ

Այսօր կառավարությունը որոշել է Եվրոպական միության անդամ պետությունների և Եվրոպական միության շենգենյան դրույթները կիրառող` Եվրոպական միության ոչ անդամ պետությունների քաղաքացիների համար 2013 թ. հունվարի 10-ից սահմանել առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ։
Ակնկալվում է, որ այս իրավական ակտը կխթանի զբոսաշրջության զարգացումը, ինչն էլ իր հերթին կստեղծի միջանձնային ակտիվ շփումների հաստատման բարենպաստ պայմաններ։
Որոշմամբ սահմանվել է, որ նշված պետությունների քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:
Մինչդեռ, Ամստերդամի պայմանագրով, որը ուժի մեջ է մտել 1999թ. մայիսի 1-ին, ներդաշնակեցրել է վիզաների հետ կապված քաղաքականությունն ու կարգը Եվրոպական Միության տարածքում: Նշված պայմանագրով սահմանվել են երրորդ պետության քաղաքացիների` ԵՄ տարածք մուտք գործելու և ճանապարհորդելու կարգը:
Եվրոպական Միության Հանձնաժողովը սահմանել է այն պետությունների ցանկը, որոնք ԵՄ տարածք կարող են մուտք գործել միայն համապատասխան վիզայի առկայության դեպքում(Կանոնակարգ թիվ 2414/2001 և թիվ 453/2003):
Նման պայմաններում հարց է առաջանում, իսկ արդյոք Եվրոպական Միությունը, որպես փոխադարձ քայլ, չպետք է պարզեցված կարգ սահմանի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` ԵՄ տարածք մուտք գործելու և տեղաշարժվելու համար:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել