Մաքսային ձևակերպման համար նմուշներ, փորձանմուշներ վերցնելը

Մաքսային ձևակերպման նպատակով մաքսային մարմիններն իրավունք ունեն վերցնել նմուշներ, փորձանմուշներ և կատարել հետազոտություններ:
Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներից վերցված նմուշները կամ փորձանմուշները մաքսային մարմնի թույլտվությամբ կարող են վերցվել նաև այդ ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձանց կամ այլ պետական իրավասու մարմնի կողմից` համապատասխան հսկողություն իրականացնելու նպատակով:
Նմուշները կամ փորձանմուշները հետազոտություններ իրականացնելու համար վերցվում են նվազագույն բավարար քանակով:
Նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու դեպքում կազմվում է արձանագրություն` վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով:
Նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու գործընթացին ներկա են գտնվում այդ ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները: Մաքսային մարմնի պաշտոնատար անձինք ներկա են գտնվում այլ պետական մարմինների կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց կողմից ապրանքներից նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելուն:
Պետական իրավասու մարմինը կամ այդ ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձն ապրանքներից նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու դեպքում կրում է այդ գործողության հետ կապված բոլոր ծախսերը:
Ապրանքների ներկայացման օրվանից մինչև 10-րդ օրը ներառյալ, ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձանց չներկայանալու դեպքում մաքսային մարմինն իրավունք ունի ապրանքներից նմուշներ կամ փորձանմուշներ վերցնել առանց նրանց ներկայության: Այս դեպքում նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելիս մասնակցում են երկու ընթերակա:
Ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձը կամ վերջինիս ներկայացուցիչներն իրավունք ունեն ծանոթանալ հետազոտության արդյունքներին: Հայաստանի Հանրապետության այլ պետական իրավասու մարմիններն իրենց իրականացրած հետազոտությունների արդյունքների մասին տեղյակ են պահում մաքսային մարմիններին:
Մաքսային մարմինները չեն հատուցում այն ծախսերը, որոնք կրել է ապրանքներ տեղափոխող անձն ապրանքներից նմուշներ կամ փորձանմուշներ տրամադրելիս:
Ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձը չի կրում ապրանքների հետազոտության գործընթացի հետ կապված ոչ մի ծախս, բացառությամբ այն դեպքի, երբ դա իրականացվում է նրա նախաձեռնությամբ:
Ապրանքներից նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել