Եթե կետանցողը պարտատերն է…

Պարտավորության մեջ առավել հաճախ կետանց է թույլ տրվում պարտապանի կողմից, քանզի պարտատերը շահագրգռված է պարտավորության կատարմամբ, և վերջինիս շահերից չի բխում կետանցելը:
Այնուամենայնիվ, գործնականում երբեմն պատահում է այնպես, որ պարտատերը ևս թույլ է տալիս կետանց:
«Պարտատերը կետանցող է համարվում, եթե նա հրաժարվել է պարտապանի առաջարկած պատշաճ կատարումն ընդունելուց կամ չի կատարել օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով սահմանված կամ գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից բխող գործողություններ, որոնք չկատարելու դեպքում պարտապանը չէր կարող կատարել իր պարտավորությունը»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Պարտատերը կետանցող է համարվում, եթե ընդունելով կատարումը, պարտապանին չի տվել ստացական` կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին:
Եթե պարտապանն ի հավաստումն պարտավորության պարտքային փաստաթուղթ է տվել պարտատիրոջը, իսկ վերջինս, ընդունելով կատարումը, չի վերադարձրել այդ փաստաթուղթը, իսկ դրա անհնարինության դեպքում` այդ մասին չի նշել իր տված ստացականում: Ստացականը կարող է փոխարինվել վերադարձվող պարտքային փաստաթղթի վրա արվող մակագրությամբ:
«Պարտատիրոջ կետանցը պարտապանին իրավունք է տալիս պահանջել հատուցելու դրանով պատճառված վնասները, եթե պարտատերը չի ապացուցում, որ կետանցն առաջացել է այնպիսի հանգամանքներում, որոնց համար ոչ ինքը, ոչ էլ այն անձինք, որոնց վրա օրենքի, այլ իրավական ակտերի ուժով կամ պարտատիրոջ հանձնարարությամբ դրված է կատարման ընդունումը, պատասխանատու չեն»,-հայտնում է իրավաբանը:
Ի դեպ, դրամական պարտավորությամբ պարտապանը պարտավոր չէ տոկոսներ վճարել պարտատիրոջ կետանցի համար:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել