Ե՞րբ է օրենքը թույլատրում վերալիազորագիր տալ

Որպես կանոն, լիազորագիր ստացած անձը պետք է անձամբ կատարի այն գործողությունները, որոնց համար լիազորված է:
Սակայն պատահում են դեպքեր, երբ անձն ի վիճակի չի լինում կատարել լիազորագրով իր վրա դրված պարտավորությունները:
Նման դեպքերի համար օրենքը նախատեսում է վերալիազորման հնարավորություն:
Անձը, որն ինչ-ինչ պատճառներով չի կարող կատարել լիազորագրով նախատեսված պարտավորությունները, կարող է դրանց կատարումը վերալիազորել այլ անձի, եթե դրա համար լիազորված է լիազորագրով կամ հանգամանքների բերումով ստիպված է այդ անել լիազորողի շահերի պահպանման համար:
Լիազորություններն այլ անձի փոխանցողը պետք է այդ մասին տեղեկացնի լիազորողին և նրան անհրաժեշտ տեղեկություններ հաղորդի այն անձի վերաբերյալ, ում փոխանցված են լիազորությունները: Այս պարտականությունը չկատարած լիազորություն փոխանցողը պատասխանատվություն է կրում այն անձի գործողությունների համար, ում նա փոխանցել է լիազորությունը` որպես իր սեփական գործողությունների:
Վերալիազորման կարգով տրված լիազորագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով, բացառությամբ լիազորագիր ստացողի աշխատանքային կազմակերպության, բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմնի կամ ստացիոնար բուժական հաստատության տնօրինության կողմից տրված լիազորագրերի:
Վերալիազորման կարգով տրված լիազորագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել այն լիազորագրի գործողության ժամկետը, որի հիման վրա դա տրված է:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել