Գործադուլը կոլեկտիվ աշխատանքային վեճի լուծման նպատակով մեկ կամ մի քանի կազմակերպությունների աշխատողների կամ աշխատողների խմբի աշխատանքի լրիվ կամ մասնակի ժամանակավոր դադարեցումն է:
Արհեստակցական միությունը օրենսգրքով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում գործադուլ կազմակերպելու իրավունք ունի, եթե`
1) հաշտեցման գործընթացների արդյունքում կոլեկտիվ աշխատանքային պայմանագրի կնքման հետ կապված վեճը չի լուծվել.
2) գործատուն խուսափում է հաշտեցման գործընթաց իրականացնելուց.
3) գործատուն չի կատարում հաշտեցման հանձնաժողովի` աշխատողներին բավարարող որոշումը կամ նախօրոք կնքված կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:
Օրենսդրությամբ նախատեսված է պատասխանատվություն` գործադուլ հայտարարելու մասին որոշումն ընդունվելուց հետո և գործադուլի ընթացքում բոլոր կամ առանձին աշխատողներին իրենց աշխատատեղերը հաճախելուն խոչընդոտելու, աշխատողներին աշխատանք տրամադրելուց հրաժարվելու, գործադուլին մասնակցելու համար աշխատողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, մասնավորապես` սահմանված է տուգանք խախտում թույլ տված անձի նկատմամբ` 50 000 ՀՀ դրամի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` 100 000 ՀՀ դրամի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net