Ամեն տարի ես Աստծուց արդարություն եմ խնդրում. Գոռ Հովհաննիսյան

Իրավաբան.net-ի տոնական, ամփոփիչ հարցերին պատասխանում է իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի Համալսարանի (Գերմանիա) Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս Գոռ Հովհաննիսյանը:

Ըստ Ձեզ, ինչո՞վ էր առանձնահատուկ 2015 թվականը` իրավական ոլորտում կատարված փոփոխությունների առումով: Ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ եղան:

-Ամենանշանակալի փոփոխությունը նոր Սահմանադրության ընդունումն է։ Ձեռքբերումներ նշել չեմ կարող, իսկ բացթողումներ՝ ինչքան ասեք։ 

Ո՞րն էր այն քայլը, որը միգուցե մեծ հարված էր արդարդատության համակարգին:

-Ներքին անկախությունից ու համարձակությունից զուրկ անձանց դատավորի պաշտոնում նշանակելը։

Ո՞րն էր Ձեզ համար ամենազդեցիկ դատական գործը:

-Չեմ հետևում, չգիտեմ։

Ո՞վ է այն իրավաբանն, ով այս տարի առավելապես աչքի ընկավ իր ազնվությամբ և մասնագիտական լուրջ գիտելիքներով ու հմտություններով:

-Մհեր Արշակյան (Բեռնի Համալսարան):

Աբսուրդային իրավական փաստաթղթեր հանդիպե՞լ եք այս տարի, որո՞նք էին և ինչու:

Շատ եմ հանդիպել։ Բոլորը թվարկել հնարավոր չէ։ Մի օրինակ կբերեմ։ Սահմանադրական դատարանն իր վերջին որոշման մեջ (ՍԴՈ-1249) եկել է այն հետևության, թե քրեական դատավարության օրենսգրքի 414․1-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետը վճռաբեկ դատարանին վճռաբեկ բողոքն ընդունելու հարցում հայեցողություն է տալիս։ Ըստ այդ նորմի՝ «Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է կամ մերժվել է»։

Խնդիրն այն է, որ ՍԴ-ն չգիտի, թե ինչ բան է հայեցողությունը։ Հայեցողությունը օրենսդրի կողմից իրավակիրառողին տրված հնարավորությունն է՝ որոշելու, թե արդյոք կոնկրետ դեպքում պետք է վրա հասնի նորմի իրավական հետեվանքը, կամ ընտրելու իրավանորմի մի քանի պարտադիր իրավական հետևանքներից որևէ մեկը։ Պարզ ասած՝ հայեցողությունը հնարավոր է միայն ու միայն իրավանորմի ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԻ մասում։ Իրավական նորմի փաստակազմի մասում հայեցողություն չի լինում։

Քրեական դատավարության օրենսգրքի 414․1-րդ հոդ․ երկրորդ մասի 1-ին կետի նորմը պարունակում է մեկ իրավական հետևանք, այն է՝ «Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության», և այս հետևանքը պարտադիր է իրավակիրառողի համար, եթե առկա է նորմի փաստակազմը, այն է՝ «եթե վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է կամ մերժվել է»։ Ավելի պարզ ասած՝ եթե բողոք բերողը բաց է թողել բողոք բերելու ժամկետը (փաստակազմի 1-ին նախապայման) և չի ներկայացրել այն հարգելի համարելու մասին միջնորդություն (փաստակազմի 2-րդ նախապայման), ապա վճռաբեկ դատարանին այլ բան չի մնում, քան կիրառել նորմի ՄԻԱԿ իրավական հետևանքը՝ բողոքն առանց քննության թողնելը։ Հետևաբար, վճռաբեկ դատարանն այդ հարցում հայեցողություն չունի։

Հայեցողություն առկա կլիներ այն դեպքում, երբ տվյալ նորմի իրավական հետևանքը ձևակերպված լիներ, օրինակ, այսպես․ «Վճռաբեկ բողոքը ԿԱՐՈՂ Է թողնվել առանց քննության»։ Այս դեպքում օրենսդիրը վճռաբեկ դատարանին հնարավորություն տված կլիներ որոշելու տվյալ նորմի իրավական հետևանքի վրա հասնել-չհասնելու հարցը։ Այսինքն՝ ամեն կոնկրետ դեպքում վճռաբեկ դատարանը հնարավորություն կունենար որոշելու՝ թողնե՞լ բողոքն առանց քննության, թե ոչ, եթե եթե բողոք բերողը բաց է թողել բողոք բերելու ժամկետը և չի ներկայացրել այն հարգելի համարելու մասին միջնորդություն։

Արդյունքում ՍԴ-ն խախտում է ձևական տրամաբանության նույնության օրենքը, ըստ որի՝ կշռադատության պրոցեսում յուրաքանչյուր հասկացություն պետք է գործածվի միևնույն իմաստով, այսինքն՝ նույն հասկացությունը փաստարկման շղթայում պետք է բնորոշի նույն բանը։ Եթե հասկացության նշանակությունը փոխվում է՝ առանց այդ մասին պարզ նշելու, ապա առկա է փոխանունության տրամաբանական սխալը։ ՍԴ-ն, այսպիսով, իրավագիտության տարրական հասկացություններից մեկը՝ հայեցողությունը, գործածում է այլ իմաստով և դրանով բնորոշում այլ բան, քան ընդունված է հասկանալ այդ հասկացության ներքո։ Իսկ մենք գիտենք, տրամաբանության օրենքներին խախտմամբ կառուցված ցանկացած միտք զուրկ է որևէ ճանաչողական նշանակությունից։ Հետևաբար, ՍԴ հիշյալ որոշումը բաղարձակ անարժեք մի բան է։

Ինչպե՞ս եք դիմավորում Ամանորը:

Շատ սովորական։

-2016-ից ձեր ակնակալքիներն ու մաղթանքը:

Ամեն տարի ես Աստծուց արդարություն եմ խնդրում։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել