Որոշակի հոգեբանական առանձնահատկություններով է պայմանավորված դիակը ճանաչման ներկայացնելու գործընթացը:
Շատ դեպքերում ճանաչողները լինում են հանգուցյալի հարազատները: Անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ դիարանում գտնվելով` անձի ընկալման պայմանները, հոգեֆիզիոլոգիական հնարավորությունները էապես վատանում են, հատկապես ճանաչման առարկայի որոշ ընդհանուր հատկանիշների համընկման դեպքում:
Վերոգրյալը հաշվի առնելով` քննիչի կողմից պետք է կիրառվեն հատուկ հոգեբանական գիտելիքներ, քանի որ ճանաչողը, գտնվելով ծանր հուզական վիճակում, կարող է հավաստի տեղեկություններ չտրամադրել:
Քննիչը պետք է հոգեբանորեն նախապատրաստի ճանաչողներին, հնարավորինս չափով հանի լարվածությունը, վախի զգացողությունը և այլն: Այս ամենի համար քննիչին անհրաժեշտ են հատուկ հոգեբանական գիտելիքներ, որոնք քննիչները կարող են ստանալ հատուկ հոգեբանական թրեյնինգների միջոցով: