Պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Է. Մարուքյանին լսելիս (Պետրոս Ղազարյանի հյուրն էր) մեկ անգամ ևս այն տպավորությունն ստացա, որ իբր քաղաքացիները զրկված են ՃԵԿ-ի կանոնները խախտելու համար տուգանք նշանակելու մասին որոշումները դատարանում վիճարկելու իրավունքից, ընդ որում, դա ներկայացվեց որպես հիմնական «դժբախտություն»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
Նախ նկատեմ, որ այդպես չէ՝ կարող են դիմել: Բացի այդ, բուն «պրոբլեմը» բնավ դատարան դիմելու ընթացակարգը չէ. կան առավել մտահոգիչ ու առանցքային խնդիրներ:
Վերջին հաշվով, անձը զրկված չէ իր նախաձեռնությամբ վիճարկելու ցանկացած վարչական ակտ, ուրիշ հարց, որ նախկինում դա արվում էր վարչական մարմնի նախաձեռնությամբ՝ անկախ նրանից, վեճ կար, թե ոչ:
Ընդ որում, գործող համակարգը զուտ իրավական կարգավորումներով բնավ չի տարբերվում միջազգային փորձից, հետևաբար, դա իրականությունից հեռու, թյուր տեղեկատվություն է: Իսկ իրական խնդիրները հետևյալն են՝
ա) տուգանքի չափը պետք է համաչափ լինի անձի գույքային վիճակին. նույն իրավախախտման համար մի անձի տուգանքի չափը կարող է կազմել 2 հազար դրամ, մյուսի համար՝ 200 հազար դրամ. հենց սա է միջազգային փորձը,
բ) հարկ է հստակ սահմանել տուգանքի փոխարեն անձին նախազգուշացնելու հիմքերը, օրինակ, երբ անձը առնվազն 3 ամիս ՃԵԿ-ի կանոնների խախտում թույլ չի տալիս,
գ) հավաքագրված գումարների մի ֆիքսված հատված հարկ է ուղղել ճանապարհների որակի բարելավմանը,
դ) առանց անձին՝ բացատրություն ներկայացնելու հնարավորություն տալու, բացառել վարչական տույժ նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելը,
ե) արմատապես վերանայել «պատշաճ ծանուցման» ընթացակարգը և այն դարձնել հիրավի իրատեսական՝ կիրառելով միաժամանակյա այլընտրանքային տարբերակներ (էլեկտրոնային կամ հեռախոսային հաղորդագրություններ, անձի կողմից մատնանշված հասցեներով փաստաթղթային ծանուցումներ և այլն),
զ) զերծ մնալ կոնկրետ տվյալ պահին օպերատիվ ծառայություն չիրականացնող ծառայողական ավտոմեքենաների վարորդներին տուգանքից ազատելու պրակտիկայից, ընդհանրապես շրջանառությունից հանել, այսպես կոչված, «պետական համարները». միջազգային փորձը ճանաչում է բացառապես միասնական պետհամարանիշեր,
է) գույքահարկը և ԱՊՊԱ-ի վճարների չափն էապես պետք է նվազ լինի օրինապաշտ վարորդների համար և այլն և այլն: Հավելեմ, որ այս մոտեցումները պաշտոնապես հնչեցրել եմ նաև նախարարի պաշտոն զբաղեցրած շրջանում, ուստի ակնկալում եմ, որ շահարկումներ չեն լինի: Մի խոսքով, խնդիրը բնավ դատարան դիմելու հարթության վրա չէ, փորձենք լուծել առավել հրատապ հարցադրումները: